Ի նշան Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի, իրանցի դերասանուհին չի մասնակցի Օսկարի մրցանակաբաշխությանը
Իրանցի դերասանուհի Թարանե Ալիդուստին, որը խաղացել է «Կոմիվոյաժեր» ֆիլմում ի նշան Թրամփի միգրացիոն նոր քաղաքականության դեմ բողոքի, հրաժարվել է մեկնել ԱՄՆ, մասնակցել Օսկարի մրցանակաբաշխությանը։
Նշենք, որ նրա մասնակցությամբ «Կոմիվոյաժեր» ֆիլմը մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ օտար լեզվով» անվանակարգում Օսկարի հավակնորդներից մեկն է։
Հիշեցնենք՝ Թրամփը հունվարի 25-ին հրամանագիր էր ստորագրել, որի համաձայն մեկնարկելու է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը, ինչպես նաև ստորագրել էր մի շարք փաստաթղթեր անօրինական միգրացիայի, օտարերկրացի հանցագործների դեմ պայքարի մասին։
Բացի այդ, տեղեկություն տարածվեց, թե Թրամփը մտադիր է սահմանափակել մահմեդական երկրներից փախստականների մուտքը։
«Թրամփի հայտարարությունը իրանցիներին ԱՄՆ մուտքի արտոնագիր տալն արգելելու մասին ռասիստական է։ Արդյոք դա անդրադառնո՞ւմ է մշակութային միջոցառումներին, թե ոչ, միևնույնն է, ես չեմ մեկնի՝ մասնակցելու Օսկարի մրցանակաբաշխությանը՝ ի նշան բողոքի», -«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է դերասանուհին։
Օսկարի մրցանակաբաշխությունը տեղի կունենա Հոլիվուդում, փետրվարի 26-ին։