Գյումրիում բացվել է 10-րդ «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան
Գյումրու «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնում նախօրեին բացվել է «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա: «ԱրՄաթը» համալրված է համակարգիչներով, եռաչափ տպիչով և ռոբոտաշինության դետալներով:
ԻՏՁՄ հանրային կապերից տեղեկացնում են, որ խմբակ-լաբորատորիան գործում է անվճար հիմունքներով: Գյումրու և հարակից բնակավայրերի երեխաներն այստեղ կստանան ժամանակակից տեխնոլոգիական կրթություն՝ յուրացնելով ռոբոտաշինության և ծրագրավորման ժամանակակից հմտություններ: «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան ապահովում է նաև պրակտիկ հմտությունների, ստեղծագործականության զարգացում, ստեղծում Հայաստանի բոլոր մարզերի դպրոցականների հետ շփման և աշխատելու արդյունավետ հարթակներ: Երեխաների համար կազմակերպվում են նաև տարբեր խրախուսական մրցույթներ, ճամբարներ, ցուցահանդեսներ և այլն:
«Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնի «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Գյումրու քաղաքապետի տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը, «Փարոս» հիմնադրամի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչները և այլ հյուրեր:
«Դեպի առաջ» կենտրոնում հիմնված «ԱրՄաթ» խմբակ լաբորատորիան հիմնվել է «Փարոս» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Աղբյուրը հավելում է, որ ԻՏՁՄ-ն Հայաստանում՝ ներառյալ Արցախում, տեխնոլոգիական կրթության և համայնքային զարգացման համար ՀՀ կառավարության հետ իրականացնում է «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրման» ծրագիրը: Ինժեներական լաբորատորիաներն առաջնահերթ տեղադրվում են մարզերում և գյուղերում: Միությունը ծրագրում է «ԱրՄաթ» լաբորատորիաներ հիմնել ՀՀ բոլոր դպրոցներում: Այժմ գործում է 197 լաբորատորիա: «Դեպի առաջ» կենտրոնում բացված «ԱրՄաթ» լաբորատորիան Գյումրու թվով 10-րդ ինժեներական խմբակն է, իսկ Շիրակի մարզում՝ 19-րդը:
«ԱրՄաթ» կրթական ծրագիրն արժանացել է 2 միջազգային հեղինակավոր մրցանակի: Դրանք են Բրազիլիայում կայացած ՏՏ համաշխարհային համաժողովի WITSA Global Excellence Award մրցանակաբաշխության «Կայուն զարգացման» և Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման մրցանակաբաշխության «ՏՏ կրթության լավագույն մատակարարի» տիտղոսները (The best provider of IT education):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան