Ես կարող եմ մասնակցել նիստին, սակայն պառկած կամ կիսապառկած վիճակում. Շիրխանյանն է փոխանցել
Ինչպես նախորդ դատական նիստերում, այսօր ևս ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը չէր ներկայացել դատական նիստին։ Դա հիմք եղավ, որ գործով մեղադրող դատախազը եզրակացնի, որ Շիրխանյանը «չարամտորեն» խուսափում է ներկայանալ նիստերին։
«Վահան Շիրխանյանը պարբերաբար ստացել է պատշաճ բուժօգնություն, ենթարկվել է հետազոտությունների՝ ինչպես ՔԿՀ պայմաններում, այնպես է մասնագիտացված բուժհիմնարկում և գտնվում է բավարար առողջական վիճակում որպեսզի կարողանա ներկայանալ դատական նիստերին։
Նկատի ունենալով, որ առանց հարգելի պատճառների արդեն չորրորդ դատական նիստն է, չի ներկայանում դատարան, կարելի է արձանագրել չարամտորեն խուսափում է դատարան ներկայանալուց, դատարանի նկատմամբ դրսևորում է անհարգալից վերաբերմունք, միջնորդում եմ Վահան Շիրխանյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա», -այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց գործով մեղադրող դատախազը։
Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը չհամաձայնեց դատախազի հետ և ասաց, որ արդար դատաքննության իրավունքը խախտում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, որտեղ էլ գտնվում է Շիրխանյանը։
Այնուհետև Ալումյանը դատարանին ներկայացրեց Շիրխանյանի հայտարարությունը, որով վերջինը տեղեկացնում էր, որ մեկուսարանում 17 տեսակի 4000-ից ավել դեղահաբեր խմելուց հետո զրկվել է տեղաշարժվելու և ուղիղ նստելու կարողությունից։
«Ստացել եմ թոքերի ինֆարկտ, ուզում եմ մասնակցել դատական նիստերին, քանզի պազրվելու է, որ ինձ առաջադրված մեղադրանքները շինծու են ու պատվերով, սակայն քրեակատարողական հիմնարկի վարչակազմը հրաժարվում է ինձ պատգարակով կամ սայլակով տեղափոխել՝ միտումնավոր ձախողելով նիստերի կայանալը։ Ես մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ կարող եմ մասնակցել նիստին, սակայն պառկած կամ կիսապառկած վիճակում», -գրել էր Շիրխանյանը, որը դատարանին ներկայացրեց փաստաբան Ալումյանը և նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանին խնդրեց կցել գործի նյութերին։
Բեկթաշյանը Ալումյանից վերցրեց Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերն ու նրա հայտարարությունը ու միանգամից սկսեց հաջորդ նիստի օրվա և ժամի մասին քննարկում սկսել կողմերի հետ։
Դա բարկացրեց ամբաստնայլներից մեկի պաշտպան փաստաբան Հովիկ Արսենյանին։ Նա հայտարարեց, որ այդպիսով դատավորը անհարգալից վերաբերմունք է դրսևորում՝ չհայտնելով կողմերին, թե ինչո՞ւ է հետաձգվում նիստը։
«Որևէ տեղեկություն չհայտնեցիք, որ հիմա հետաձգում եք, որ հաջորդ նիստին ի՞նչ պետք է արվի։ Կալանավորին բերման ենթարկեք, չի գալիս, ոնց ուզում եք բերեք, ես իմ պրակտիկայում նման բանչեմ տեսել», -վրդովված բացականչեց Արսենյանը։
Ի պատասխան դատավոր Արմեն Բեկթաշյանը բավական անվրդով նկատեց, որ կալանավորին բերման չեն ենթարկում և ինքն էլ իր հերթին հարցրեց. «կալանավորին պատգարակով բերելու մասին կարգ կա՞»։
«Թևերի վրա թող բերեն, ասեք թող բերեն, բա նիստեր են հետաձգվում էդ պատճառով։ Թե չէ փոխվում են օրերը, մենք էլ գալիս նստում ենք ստեղ ու գնում, հետո՞», -նույնքան վրդովված բացականչեց Արսենյանը։
Փաստաբանի ներկայացրած բժշկական փաստաթղթերն ուսումնասիրելու նպատակով այսօր ևս նիստը հետաձգվեց և կշարունակվի փետրվարի 17-ին։
Հարակից հրապարակումներ`
- Վահան Շիրխանյանը չի ներկայացել, և դատական նիստը դարձյալ հետաձգվել է
- ՄԻՊ-ը Վ. Շիրխանյանի բժշկական հետազոտությունների ընթացքին հետևում է և կտա համապատասխան գնահատական
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան