Սիրիահայերը հանդիպել են հավանական գործատուներին
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում այսօր Երևանում տեղի է ունեցել Հայաստան տեղափոխված սիրիահայերի ինտեգրմանն ու նրանց կարիքների գնահատմանը նվիրված հանդիպում:
IDeA հիմնադրամի, «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հիմնադրամի, «Առաքելություն Հայաստան» կազմակերպության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ կազմակերպված համատեղ հանդիպմանը մասնակցել են ավելի քան 50 սիրիահայեր, որոնցից 16-ը Հայաստան են տեղափոխվել IDeA հիմնադրամի նախաձեռնության շրջանակներում:
«Սիրիահայերի համար շատ կարևոր է հաղթահարել ինտեգրման հետ կապված հոգեբանական դժվարությունները: Այդ պատճառով մենք որոշեցինք փորձի փոխանակում կազմակերպել Հայաստան վերջերս տեղափոխված և ավելի վաղ հայրենադարձված սիրիահայերի միջև: Մեր կազմակերպությունն անհատապես աշխատում է Սիրիայից Հայաստան տեղափոխված յուրաքանչյուր ընտանիքի հետ՝ տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցելով նրանց ինտեգրման ու աշխատանքի տեղավորման գործում», - ասել «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի ղեկավար Վարդան Մարաշլյանը։
Սիրիահայերին աշխատանքով ապահովելու նպատակով հանդիպմանը հրավիրած են եղել նաև հայաստանյան մի շարք ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացրել են իրենց կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերը:
Հարակից հրապարակումներ`
- IDeA հիմնադրամի աջակցությամբ Հայաստան է տեղափոխվել 37 սիրիահայ
- Եվս 13 սիրիահայեր տեղափոխվել են Հայաստան IDeA հիմնադրամի աջակցությամբ
- IDeA հիմնադրամը հատկացնում է $ 250 000 և մեկնարկում է դրամահավաքը սիրիահայերին աջակցելու համար