200 միլիոնի սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է. նախարար
«Երկու հարյուր միլիոն դոլարի սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է, մատակարարվել են զինված ուժերին և դրված է ծառայության»,- ասուլիսում հայտարարեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ չի կարող բացել ցանկը:
Նախարարի խոսքով, սպառազինության մյուս մասի հետ կապված ամեն ինչ ընթանում է ըստ ժամանակացույցի, հետամուտ են լինելու, որ հնարավորինս շուտ ստանան ամբողջ ծավալները, քանի որ ուղիղ կապ ունի բանակի մարտունակության հետ:
Վիգեն Սարգսյանն ասաց, որ շարունակելու են երկխոսությունը ռուսական կողմի հետ ծրագրի շարունակության վերաբերյալ, քանի որ ինչ ստանում են ՌԴ-ից, փոխգործակցության տարբեր ծրագրերով, իրականում չի կարող լրացնել այն գերժամանակակից սպառազինությունների կարիքը, որ ունեն Զինված ուժերը:
«Փնտրում ենք բոլոր հնարավորություններն ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ գործընկեր երկրների՝ հետ համալրելու Զինված ուժերն անհրաժեշտ սպառազինությամբ»,- ասաց նախարարը:
Վիգեն Սարգսյանը նաև նշեց, որ Հայաստանն ունի մարտունակ բանակ, սակայն պետք է նայել առաջ, զարգանալ ավելի արագ, քան իրադարձությունները:
Խոսելով ԱՄՆ հետ համագործակցության մասին, նախարարն ասաց. «Միացյալ Նահանգների հետ մենք ունենք բավականին ինտենսիվ ռազմական փոխգործակցության ծրագիր, շատ ինտենսիվ երկխոսություն, որը, հուսով եմ, վերկուսակցական է: Անկախ նրանից, թե ինչ արդյունք է գրանցվել ԱՄՆ նախագահական ընտրություններում, հուսով եմ, որ Պենտագոնը կշարունակի հետաքրքրություն դրսևորել մեր փոխգործակցության ծրագրի նկատմամբ»:
Նա տեղեկացրեց, որ այսօր Հայոց բանակի 25-ամյակի առիթով Հայաստան է ժամանելու Կանզասի նահանգի Ազգային գվարդիայի հրամանատարը, ակնկալում են նաև ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի այցը:
Նախարարը կարևորեց հարևան երկրների հետ ակտիվ երկխոսությունը: Տեղեկացրեց, որ օրերս մեկնարկելու է պաշտոնական այցն Իրան. «Չափազան կարևոր երկխոսություն է: Ունենք բազմաթիվ համատեղ անվտանգային խնդիրներ այս տարածաշրջանում»:
Վ. Սարգսյանը կարևորեց նաև Վրաստանի հետ շփումները. «Վրաստան կատարած այցս գնահատում եմ շատ դրական, որի ընթացքում կարողացել ենք վերահաստատել հազարամյակների բարեկամությունը, արձանագրել, որ մենք այս տարածաշրջանում ունենք նույն շահը՝ ունենալ անվտանգ և կայուն տարածաշրջան»:
Ռուսաստանի հետ համագործակցության մասին խոսելով՝ նախարարն ասաց, որ ՌԴ-ն լինելով Հայաստանի ռազմավարական գործընկերը, մեծ հետաքրքրություն է ներկայացնում ռազմական փոխգործակցության ամենատարբեր ոլորտներում:
Հարակից հրապարակումներ`
- Զինվորներն ունենալու են ավելի հարմարավետ կոշիկներ. Վիգեն Սարգսյան
- Մինչ ամառային զորակոչը մեկ քայլ առաջ պետք է անենք այն ավելի հարթ կազմակերպելու համար. Նախարար
- Վիգեն Սարգսյան. Առանց ուժեղ, կիրթ սպայական անձնակազմի մեր աշխատանքը չի լինի արդյունավետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան