«Խազարի գավաթ 2017». Գաբրիել Սարգսյանը գրավեց երկրորդ հորիզոնականը
Իրանի Ռաշտ քաղաքում ավարտվեց «Խազարի գավաթ 2017» մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 14 երկրների 97 շախմատիստ, այդ թվում` 16 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Մրցաշարի վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեց Ալիռեզա Ֆիռուզայի նկատմամբ և վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր հավաքեցին նաև հունգարացի գրոսմայստեր Ֆերենց Բերկեշն ու Իրանը ներկայացնող միջազգային վարպետ Ամին Տաբատաբեյը: Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ մրցաշարի հաղթող դարձավ Բերկեշը, Գաբրիել Սարգսյանը գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Ամին Տաբատաբեյը եզրափակեց լավագույն եռյակը:
Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ Եվրոպայի մինչև 12 տարեկանների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանը, ով 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր:
Մրցաշարի ընթացքում Ղարիբյանը հաղթանակներ տոնեց իրենից շուրջ 200 և 300 վարկանշային կետով բարձր միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետների նկատմամբ, իսկ վերջին տուրից առաջ միայն կես միավորով էր հետ մնում մրցաշարի առաջատարներից: Չնայած վերջին տուրում բազմափորձ գրոսմայստեր Օլեգ Կոռնեևից կրած պարտությանը, Ղարիբյանը 124 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը և, մրցաշարում իր գործակցով 97 մասնակիցների մեջ լինելով 59-րդը, արդյունքում գրավեց 22-րդ հորիզոնականը, ինչը բավական բարձր արդյունք է այսպիսի ուժեղ մրցաշարի համար: