ԵԽԽՎ-ն որոշել է բացահայտել կոռումպացված պատգամավորներին՝ ստեղծելով հետաքննող մարմին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում ընդունվեց գրավոր հայտարարություն խորհրդարանականների շրջանում կոռուպցիայի վերաբերյալ, որն այս նստաշրջանում դարձել էր ամենաքննարկվող թեման։
Հայտարարության մեջ ասվում է, որ խորհրդարանական վեհաժողովի ամբողջականությունն ու արդյունավետությունը կախված է իր անդամների կողմից վարքագծի ամենաբարձր չափանիշների պահպանումից։ Սակայն ԵԽԽՎ որոշ անդամների գործողությունների վերաբերյալ վերջին լուրջ ու հավաստի պնդումները վտանգում են ԵԽԽՎ-ի ամբողջականության նկատմամբ հանրային վստահությունը։
Գրավոր հայտարարության տակ ստորագրած 64 անդամները գտնում են, որ ԵԽԽՎ-ն պետք է՝
1․ Առանց հապաղելու հաստատի արտաքին, լիովին անկախ ու անկողմնակալ հետաքննություն՝ պատգամավորների ոչ պատշաճ վարքագծի ու կոռուպցիայի բոլոր մեղադրանքներով, որոնք կարող են ազդած լինել վեհաժողովի աշխատանքների վրա վերջին տարիներին՝ կենտրոնանալով հատկապես 2013թ․-ի հունվարին Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի քվեարկության շուրջ առկա պնդումների վրա։ Հետաքննության արդյունքներն ու առաջարկությունները պետք է լինեն հրապարակային ինչպես ԵԽԽՎ-ում, այնպես էլ լայն հանրության համար։
2․ Ապահովել, որպեսզի վեհաժողովի վարքագծի կանոներն առավել խստացվեն՝ միջազգային լավագույն փորձի ու ԵԽ-ի հակակոռուպցիոն մարմնի ԳՐԵԿՈ-ից ստացված առաջարկությունների հիման վրա։ Այս ստանդարտների խստագույնս պահպանումը պետք է վերահսկվի ու պարտադրվի վեհաժողովին կցված մշտական անկախ մեխանիզմի միջոցով։
«Մենք, հետևաբար, կոչ ենք անում քաղաքական խմբերի բոլոր անդամներին՝ աջակցել մեր կազմակերպությանն արժանի անկախ հետաքննության ու ամբողջականության մեր կոչին»,-ասվում է գրավոր հայտարարության մեջ, որը նախաձեռնել է հոլանդացի պատգամավոր Պիտեր Օմցիգը։
Նշենք, որ ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու գրեթե բոլոր պնդումները կապված են Ադրբեջանի հետ՝ սկսած Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցի տապալման համար իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեին միլիոնավոր եվրոների փոխանցումից, մինչև ԼՂ հարցով զեկուցող Ռոբերտ Ուոլտերին ու Սարսանգի հարցով զեկուցող Միլիցա Մարկովիչին կաշառելու պնդումները, որոնց մասին ԵԽԽՎ-ում մշտապես բարձրաձայնում են ՀՀ պատվիրակության անդամները, ինչի արդյունք էլ եղավ հենց այս գրավոր հայտարարությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին