Բանակի հետ կնքված պայմանագիրը պետք է կատարվի լիարժեքորեն, որակով, ճիշտ ժամանակին. Նախարար
«Պաշտպանության նախարարության համար չափազանց կարևոր է լինելու պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համար ապահովագրական հիմնադրամի գերթափանցիկ, գերհասանելի աշխատանքը հասարակության, հասարակական ընկալման համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով, այն գործը, որի համար այդ գաղափարը ծնվեց, այն սուրբ գործն է, որի առումով հասարակությունը որևէ կասկած, կասկածանք չպետք է ունենա:
«Եթե չկարողանանք դա ապահովել, ուրեմն դա լինելու է մեր ամենամեծ բացթողումներից մեկը»,- ընդգծեց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ արդեն մոտենում են հիմնադրամի ընթացակարգերի ձևավորման ավարտական փուլին:
Հարցին, թե օրենքը գործում է հունվարի 1-ից, իսկ հիմնադրամը դեռ ձևավորման փուլում է, ե՞րբ կլինի առաջին հատուցումը, հաշվի առնելով, որ այս տարվա մեջ արդեն դեպքեր եղել են, նախարարը պատասխանեց. «Նույն օրենքով պետք է ձևավորվի խորհուրդ, ընդունվեն ենթաօրենսդրական ակտեր: Առաջիկա օրերը վերջնաժամկետն է: Հատուցման կարգը սահմանվելուց հետո առաջին իսկ վճարումներն արվելու են: Դեկտեմբերի վերջին Տավուշում ունեցանք դեպք, ու թեև հիմնադրամը նախատեսված չէ մինչև հունվարի 1-ը տեղի ունեցած դեպքերի վճարման համար, բայց քանի որ օրենքն արդեն ընդունված էր, բայց դեռ ուժի մեջ մտած չէր, մենք սկսել ենք այդ ընտանիքներին նույն ծավալի գումարով փոխհատուցման ճանապարհները գտնել՝ մասնավոր նվիրատվությունների, լրացուցիչ հովանավորների հաշվին»:
Նախարարը տեղեկացրեց, որ հիմնադրամն ունենալու է կայք, առցանց երևալու են մուտքերը՝ պարտադիր վճար, կամավոր նվիրատվություն, ելքերը:
«Իրոք, ապահովելու ենք 100 տոկոսանոց թափանցիկություն»,- ընգծեց նա:
Վիգեն Սարգսյանը խոսեց նաև գնումների ընթացակարգերի մասին, որոնք լուրջ վերանայումների է ենթարկվում:
«Բանակը մի կողմից մեր երկրի խոշարագույն գործատուն է, մյուս կողմից խոշորագույն գնում կազմակերպող կառույցը: Մեզ համար շատ կարևոր է, որ գնումները լինեն արդյունավետ, ապահովեն լավագույն որակը նվազագույն հնարավոր գնով: Ո՞րն է այս առումով մեր աշխատանքի սկզբունքը: Բոլոր գործարար շրջանակների հետ լայն աշխատանք ենք տանում՝ բացատրելով իրենց, որ անկախ նրանից, թե որն է եղել իրենց նախկին ընկալումը, ինչպես են աշխատել կամ պատկերացրել, որ պետք է աշխատեն նախկինում, այժմ պետք է աշխատեն շատ հստակ, շիտակ ձևով: Հասկանում ենք ցանկացած գործարարի հնարավոր դժվարություններն իր աշխատանքում, պատրաստ ենք կանգնել նրա կողքին, բայց բանակի հետ կնքված պայմանագիրը պետք է կատարվի լիարժեքորեն, որակով, ճիշտ ժամանակին: Եթե չկա այդ խնդիրները լուծելու համար ֆորսմաժորային որևէ բարդություն, ապա մենք օրենքի ողջ խստությամբ հետևելու ենք օրենքի տառին, կիրառելու ենք բոլոր այն սանկցիաները, որոնք նախատեսված են ոչ բարեխիղճ գործարարության համար: Մենք ինքներս նաև պետք է մեր մեջ կարողանանք ձևավորել ավելի հստակ ընթացակարգեր, որոնք անհնար են դարձնում որևէ կոռուպցիոն ռիսկերը գնումների կազմակերպման, իրականացման ժամանակ»:
Նախարարն ասաց, որ պատժիչ գործողություններին զուգահեռ պետք է ունենալ համակարգված մոտեցում, որպեսզի բացառվեն կոռուպցիոն ռիսկերը:
«Մեր խնդիրն է փոխել ընթացակարգերը, դարձնել դրանք ավելի թափանցիկ: Ցանկանում եմ անել այնպես, որ բացառենք միջնորդ կազմակերպությունների գործունեությունը, բանակի մատակարարը լինի այս կամ այն ապրանքատեսակի արտադրողը կամ ներկրողը»,- ասաց Վ. Սարգսյանը:
Նա նշեց, որ սահմանված օրենսդրական ընթացակարգով յուրաքանչյուր բացահայտված դեպքի հետևից գնում են, շարունակելու են գնալ. «Այնտեղ, որտեղ իրավապահ մարմինը համարի, որ հանցակազմ կա, անհրաժեշտ է հարուցել քրեական գործ, նախարարությունը լինելու է շահագրգիռ կողմ տեսնելու համար, որ արդարադատությունը լիարժեք իրականացված է այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձել էին ապօրինի հարստանալ սահմանին կանգնած զինվորի հաշվին»: Նախարարն ասաց, որ կարևորել է և ստեղծվել է օղակ, որը զբաղում է ՊՆ համակարգում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդմամբ. «Դա մեզ անհրաժեշտ է ինչպես որակի վերահսկողության, արդունավետության բարձրացման, այնպես էլ ընթացիկ գործունեության կազմակերպման համար: Կարևոր է մեր բոլոր զորակոչիկների էլեկտրոնային շտեմարաների ձևավորումը, էլեկտրոնային վարման քարտերի ստեղծումը, քանի որ մինչ օրս մեր զինծառայողի հաշվառումը իրականացվում է թղթային եղանակով»: Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջիկա օրերին փոխըմբռնման հուշագիր են ստորագրելու մասնագիտացված մի կառույցի հետ, երրորդ կողմից մի մասնավոր հովանավոր՝ պաշտպանության նախարարության համակարգում էներգետիկ աուդիտ անցկացնելու համար: «Հաշվի առնելով հսկայական զորանոցային ֆոնդը, հսկայական ծավալն այն կառուցների, որոնք մտնում են բանակի համակարգի մեջ, ունենք շատ մեծ ծախսեր հոսանքի, գազի հետ կապված: Շատ կարևոր է հասկանալ, թե որտեղ կարող ենք նոր տեխնոլոգիաները ներմուծելով՝ էներգախնայող լամպեր, ջեռուցման, տաք ջրի մատակարարման համակարգեր, ապահովել ծախսերի կտրուկ նվազեցում: Թվում է, թե աննշան է, սակայն բանակի պարագայում խոսում ենք հսկայական ծավալների մասին: Նման լուծումը կարող է հսկայական խնայողությունների հնարավորություն տալ, իսկ խնայողություններ անհրաժեշտ են սպառազինությունների, ռազմական տեխնիկայի ծրագիրն լիարժեք կատարելու համար»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ նախընտրական շտաբը և 2018-ից հետո կառավարությանը ղեկավարելու մասին
- 200 միլիոնի սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է. նախարար
- Զինվորներն ունենալու են ավելի հարմարավետ կոշիկներ. Վիգեն Սարգսյան
- Մինչ ամառային զորակոչը մեկ քայլ առաջ պետք է անենք այն ավելի հարթ կազմակերպելու համար. Նախարար
- Վիգեն Սարգսյան. Առանց ուժեղ, կիրթ սպայական անձնակազմի մեր աշխատանքը չի լինի արդյունավետ