2016-ը մեզ համար եղավ որոշակի քննության տարի. Վիգեն Սարգսյան
2016 թվականի ընթացքում հայոց բանակը պատվով կատարել է իր առաքելությունը՝ ապահովելով ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը,-այս մասին այսօր ՊՆ վարչական համալիրում հունվարի 27-ին տեղի է ունեցած պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
«Իհարկե 2016-ը մեզ համար եղավ նաև որոշակի քննության տարի՝ հաշվի առնելով ապրիլին տեղի ունեցած գործողությունները, հակառակորդի արկածախնդրությունը: Եվ այն պատասխանը, որ տրվեց, այն արձագանքը, որ եղավ՝ շատ հստակ ցույց տվեց, որ մեր զինված ուժերը շարունակում են կատարել իրենց գործառույթը, որպես մարտունակ կառույց»,-նշել է Վիգեն Սարգսյանը:
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ հետևողական և լարված աշխատանքի, ջանքերի համադրման և միջազգային լավագույն փորձի ներդրման արդյունքում պետք է արվի ամենայն հնարավորը առկա հաջողությունները բազմապատկելու համար:
Նիստի ընթացքում 2016 ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, օպերատիվ ու մարտական պատրաստության արդյունքների, ինչպես նաև զինվորական կարգապահության վիճակի և 2017 ուսումնական տարվա հիմնական ուղղությունների վերաբերյալ հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։
Զեկույցում նշվել է, որ անցած ուսումնական տարվա շրջանակում պլանային կարգով շարունակվել են մարտական հերթապահության կրման պայմանների և ամրաշինական կառույցների կատարելագործման, զորքերի պատրաստության, զինվորական կարգապահության չափորոշիչների և մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման, զինանձնակազմի կայուն բարոյահոգեբանական վիճակի ապահովմանը միտված աշխատանքները: Առաջընթաց է արձանագրվել ուսումնանյութական և նյութատեխնիկական բազայի հարստացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ: Գլխավոր շտաբի պետը անդրադարձել է նաև արձանագրված որոշակի բացթողումներին և դրանց վերացման հիմնական ուղղություններին:
Նախարարությունից հայտնում են, որ կոլեգիայի նիստի ավարտին 2016 թվականի ընթացքում մարտական պատրաստությամբ, կարգապահությամբ, ինչպես նաև հայրենիքի սահմանների պաշտպանության գործում աչքի ընկած լավագույն ստորաբաժանումներին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնել է պատվոդրոշներ: Մի շարք զինծառայողներ էլ արժանացել են պետական ու գերատեսչական մեդալների, պատվոգրերի և արժեքավոր նվերների:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան