Վիգեն Սարգսյանը՝ ՀՀԿ նախընտրական շտաբը և 2018-ից հետո կառավարությանը ղեկավարելու մասին
«Նախարարի պաշտոնը քաղաքական է: Ես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ եմ, մասնակցելու եմ քարոզարշավին այն ծավալով, որով կուսակցությունը նպատակահարմար գտնի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա վստահեցրեց, որ անելու է այնպես, որպեսզի օրենքի տառն ու ոգին չխախտվի քարոզարշավին իր մասնակցության արդյունքում. «Եթե դա լինի շատ ինտենսիվ մասնակցություն, կգտնեմ ձևն ազատելու այդ գործառույթն իմ աշխատանքային ժամերից կամ աշխատանքային պարտականություններից»:
Հարցին, թե շրջանառվող լուրերի համաձայն, դուք ղեկավարելու եք ՀՀԿ համամասնական ցուցակը, նախարարը պատասխանեց. «Նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է իր կուսակցությունից առաջ ընկնել ցուցակը հրապարակելու առումով: Կլինի պահը, ՀՀԿ-ն կհրապարակի իր ցուցակը»:
Պատասխանելով հարցին, թե նպատակ, ցանկություն ունե՞ք գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը կամ 2018-ից հետո Հայաստանի կառավարությունը, նախարարն ասաց. «Ես առիթ եմ ունեցել ասելու, ուզում եմ կրկնել՝ համարում եմ այս երկրում պաշտպանության նախարարի աշխատանքն ամենահետաքրքիր, կարևոր, պատասխանատու աշխատանքներից մեկը: Չեմ համարում, որ պետք է որևէ աշխատանք համադրել այլ աշխատանքի հետ իր ցանկալիության առումով: Ունեմ մեկ երազանք, որ առաջիկա ընտրություններում մենք կարողանանք ապահովել այնպիսի արդյունք, որը թույլ կտա ինձ առաջիկա տարիներին շարունակել աշխատել պաշտպանության նախարարությունում: Ես այստեղ տեսնում եմ շատ մեծ անելիքներ: Իրոք, մեծ հույս ունեմ, որ ժամանակ կունենամ իրականացնել այդ անելիքներ: Իմ համոզմամբ, այսօր այստեղ պետք է պլանավորել երկար տարիների աշխատանք և չի կարելի այս աշխատանքից արագ տեղափոխելու պլաններ կառուցել: Դա ազնիվ չի լինի համակարգի նկատմամբ: Ընտրությունների արդյունքները ցույց կտան: Իհարկե, եթե ընտրությունների արդյունքները լինեն այնպիսին, ինչպիսին պլանավորում ենք, հույս ունեմ, որ նախագահը թույլ կտա ինձ շարունակել այստեղ իմ գործառույթները»:
Վիգեն Սարգսյանի խոսքով, այսօր Հայաստանն ունի գործադիր իշխանության շատ ուժեղ, կարող թիմ, վարչապետը դրսևորելով է այն տեսլականը, որն անհրաժեշտ է զարգանալու համար:
«Իր գործարար ջիղով, աշխարհընակալումով, առաջնորդությամբ, ես համարում եմ, որ այսօր ունենք շատ հաջողված կառավարություն վարչապետի գլխավորությամբ և մեծ պատիվ է ինձ համար աշխատել այդ կառավարության մեջ, բերել իմ մասնակցությունը մեր երկրի առաջընթացին և զարգացմանը»,- ասաց պաշտպանության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- 200 միլիոնի սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է. նախարար
- Զինվորներն ունենալու են ավելի հարմարավետ կոշիկներ. Վիգեն Սարգսյան
- Մինչ ամառային զորակոչը մեկ քայլ առաջ պետք է անենք այն ավելի հարթ կազմակերպելու համար. Նախարար
- Վիգեն Սարգսյան. Առանց ուժեղ, կիրթ սպայական անձնակազմի մեր աշխատանքը չի լինի արդյունավետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին