Զինծառայողները հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները ստանում են պետական պատվերի շրջանակում
Զինծառայողները համապատասխան օրենսդրությամբ գտնվում են պետական հոգածության ներքո, այդ թվում և առողջապահական համակարգում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:
Նրա խոսքերով, նշված խմբի անձինք ընդհանուր հիվանդանոցային փաթեթում՝ ներառյալ նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով կիրառվող բժշկական օգնությունը , հատուկ և դժվարամատչելի հետազոտությունները ստանում են պետական պատվերի շրջանակում:
Ծաղիկ Վարդանյանը հատկապես կարևորեց արտերկրում բուժօգնության շարունակականությունը ապահովելու հետ կապված հանձնաժողովի առկայությունը, որը գործում է Առողջապահության նախարարությունում: «Քննարկվել է 5 զինծառայողի արտերկրում բուժումը շարունակելու հարցը: Զինվորականների և քաղաքացիական բժիշկներից կազմված հատուկ հանձնաժողովը որոշում է կայացրել զինվորական ծառայության ժամանակ վիրավորված 3 զինվորներին արտասահմանում բուժելու մասին: Նրանք այն զինծառայողներն են, որոնք առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս վնասվածք են ստացել, բայց նրանց բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում: Այդ դեպքում ստեղծված հանձնաժողովի որոշմամբ տվյալ զինծառայողները պետական հովանու ներքո բուժումը կշարունակեն արտերկրի առաջատար կլինիկաներում»,- ասաց Ծաղիկ Վարդանյանը՝ հավելելով, որ երկու զինծառայողի բուժումը դեռևս կշարունակվի Հայաստանում։ Հետագայում, երբ հայ մասնագետները նրանց համար կանեն ամեն բան, ինչ իրեն ուժերի սահմաններում է, հանձնաժողովը նորից կքննարկի արտասահմանում նրանց բուժումը կազմակերպելու հարցը։
Նրա խոսքերով՝ կան մի շարք զինծառայողներ, որոնք բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելուց հետո հաշմանդամության կարգ չեն ստացել, մինչդեռ նրանք դրա կարիքը ունեն: Ըստ նրա՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից այդ հարցը բարձրացվել է և քննարկումներից հետո օրենքում ավելացվել է համապատասխան կետ. այսօր այդ զինծառայողները ընդգրկվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում: