Փալաձե. Նման բաներ խոսում են նրանք, ովքեր ցանկանում են սեպ խրել հայ-վրացական հարաբերություններում
«Բացառված է: Խոսել այն մասին, որ Վրաստանը կարող է դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, շահավետ է նրանց համար, ովքեր ցանկանում են սեպ խրել մեր հարաբերություններում»: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահի՝ արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Թենգիզ Փալաձեն «Грузия Online»-ի հետ հարցազրույցում:
«Վրաստանը վստահելի գործընկեր է, և մեկ անգամ չէ, որ դա ապացուցել ենք: Վրաստանը չի պատրաստվում դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը: Մենք խոսում ենք միայն տրանզիտի պայմանների մասին ու նման բանակցություններում մեր ընդդիմախոսը հանդիսանում է Ռուսաստանը: Խոսքը բոլորովին այլ բանի մասին է, փոխվել են պայմանագրի պայմանները, բայց ոչ Վրաստանի օգտին»,-ասել է նա:
Գեորգի Մարգելաշվիլիի խորհրդականն ասել է, որ նույնիսկ 2008-ին վրաց-ռուսական պատերազմի ժամանակ, «երբ Ռուսաստանը ռմբակոծում էր Վրաստանը, և մենք Ռուսաստանի ագրեսիայի զոհ էինք, մեր կողմից ոչ մի վայրկյան չի դադարեցվել տարանցիկ պարտավորությունների կատարումը, այդ թվում ագրեսոր Ռուսաստանի նկատմամբ: Եթե հիշում եք Հայաստան գազամատակարարումը դադարեցվեց 2006-ին, երբ Ռուսաստանի տարածքում գազամուղ էր պայթեցվել, այդ ժամանակ Վրաստանն էլ մնաց առանց գազի, բայց դա ՌԴ պատասխանատվության հարց էր, ոչ թե մեր»:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարության ու «Գազպրոմ» ռուսական ընկերության միջև ռուսական գազը Վրաստանի տարածքով Հայաստանին մատակարարելու պայմանների վերաբերյալ կնքված համաձայնագիրը դժգոհության ալիք էր բարձրացրել հարևան երկրում: Դրան դեմ էին արտահայտվել ու փաստաթղթի հրապարակման կոչով հանդես եկել ՀԿ-ների, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանի նախագահը:
Թենգիզ Փալաձեն նշել է, որ դա երկու ընկերությունների միջև ստորագրված սովորական փաստաթուղթ չէ, այստեղ ավելի շատ քաղաքականություն է, քան էներգետիկա:
«Ցավոք, մենք ունենք այն, ինչ ունենք: Նախագահն այսօր դիմել է խորհրդարանին, որը սահմանադրության համաձայն, կառավարության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում: Տեսնենք, ինչպես կզարգանան իրադարձությունները»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Վրացի փորձագետները քննարկում են՝ ինչու է Վրաստանը համաձայնվել «Գազպրոմ»-ի պայմաններին
- Վրացագետ. Վրաստանի և «Գազպրոմ»-ի միջև կնքված փաստաթուղթը շահավետ է բոլոր կողմերի համար
- Վրացական ՀԿ-ները պահանջում են հրապարակել Հայաստանին գազի մատակարարման պայմանների վերաբերյալ փաստաթուղթը
- Վրաստանի նախագահին դուր չի գալիս Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ «Գազպրոմ»-ի հետ կնքած փաստաթուղթը
- Վրացի նախարար. Վրաստանը պարտավորված չէ Ռուսաստանից գազ գնել
- Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ Վրաստանի կառավարությունը համաձայնության է եկել «Գազպրոմ»-ի հետ