Զավեն Իգիթյանը` Մյունխենից. «Եզրափակչում կարող էի ավելի լավ արդյունք գրանցել»
Գերմանիայի Մյունխեն քաղաքում Հայաստանի հրաձգության հավաքականը 11 մարզիկով մասնակցում է միջազգային մրցաշարի: Այն ավանդական է և համարվում է տարվա ուժեղագույն մրցաշարերից մեկը, որը մասնակիցների քանակով չի զիջում Եվրոպայի առաջնությանը:
Մրցաշարը երկու մեկնարկով է: Առաջին մեկնարկում լավագույն արդյունքն է ցույց տվել
օրերս Հայաստանի առաջնության «Լավագույն մարզիկի» կոչմանն արժանացած Զավեն Իգիթյանը: Նա օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոց վարժության երիտասարդ տղաների պայքարում 73 մրցակիցների պայքարում խոցելով 575 միավոր`5-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակչում նրան հաջողվել է բարելավվել դիրքերը` գրավելով 4-րդ տեղը:
Panorama.am-ի հետ զրույցում Զավենը նշեց, որ եզրափակիչ փուլում կարող էր ավելի բարձր հորիզոնականներ գրավել, սակայն ընդհանուր արդյունքից գոհ է:
«Առաջին մեկնարկի միավորներից գոհ եմ, իսկ ահա եզրափակիչ փուլում կարող էի ավելի բարձր հորիզոնականներ գրավել: Այսօր պատրաստվում ենք երկրորդ մեկնարկին: Մարտ ամսին պետք է մասնակցեմ հրաձգության Եվրոպայի առաջնությանը, որին արդեն կփորձեմ ավելի լավ ներկայանալ: Նախորդ տարի Եվրոպայի առաջնությունում երկու անգամ գրավել եմ 4-րդ տեղը: Թեև գոհ եմ, բայց այս տարի արդեն 4-րդ տեղով չեմ բավարարվի»,- նշեց Իգիթյանը:
Հավելենք, որ Բենիկ Խլղաթյանը նույն վարժությում 559 միավորով գրավել է 44-րդ տեղը: Օդամղիչ ատրճանակ, 10 մ, 40 կրակոց վարժության կանանց պայքարում 82 մրցակիցների պայքարում Էլմիրա Կարապետյանը 379 միավորով գրավել է 20-րդ տեղը:
Օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց վարժության տղամարդկանց պայքարում 82 մրցակիցների պայքարում Հրաչիկ Բաբայանը 626,9 միավորով գրավել է 10-րդ տեղը, Սուրեն Բերյանը 625,3 միավորով` 21-րդ տեղը և Քրիստիան Լաուերը 617,2 միավորով` 69-րդ տեղը:
Օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց վարժության երիտասարդ տղաների պայքարում 82 մրցակիցների պայքարում Նարեկ Ադամյանը 620,0 միավորով գրավել է 28-րդ տեղը, Հայկ Բաբայանը 607,7 միավորով` 76-րդ տեղը,Վրեժ Թորոսյանը 607,6 միավորով` 77-րդ տեղը:
Օդամղիչ հրացան, 10 մ, 40 կրակոց վարժության երիտասարդ աղջիկների պայքարում 87 մրցակիցների Ալլա Պողոսյանը 412 միավորով գրավել է 36-րդ տեղը, Լիա Սահակյանը 404 միավորով` 82-րդ տեղը:
Հայաստանի հրաձգության հավաքականը մյունխենյան միջազգային մրցաշարին մասնակցում է գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, երկրոդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: