ՀՀ նախագահ. «Երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները»
«Թե՛ ներքին, թե՛ արտաքին և թե՛ տնտեսական քաղաքականության հարցերում Հանրապետականն ունի շատ հստակ ծրագիր և մոտեցում: Թե ովքեր կլինեն օրենսդիր մարմնում, ընտրությունների ցանկալի արդյունքի դեպքում ովքեր կլինեն գործադիր մարմնում, իսկ թե ովքեր կզբաղվեն կուսակցության գաղափարական, քարոզչական աշխատանքներով, կախված են հենց այդ ծրագրերից և մարտահրավերներից»,-ՀՀԿ խորհրդի նիստում ունեցած ելույթում ասել է կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը նշել է, որ իրենք երբեք անձերի խնդիր չենք լուծել, հիմա էլ անձերի խնդիր չեն լուծում: «Մենք լուծում ենք մեր ծրագրերի արդյունավետ իրականացման ու մարտահրավերների հաղթահարման խնդիր: Խորհրդարանական հանրապետական մոդելը նոր լուծումներ է պահանջում: Իշխանության օրենսդիր և գործադիր մարմիններում մեր թեկնածուներին առաջադրելիս հաշվի են առնվելու հայրենիքի շենացման գործում յուրաքանչյուրի ունակություններն ու ընդունակությունները և ոչ թե հավակնությունները: Նեղացածներ չպետք է լինեն: Մեր գործիչներն այնտեղ են, որտեղ նրանց կարիքը կա: Ես երբեք չեմ հանդուրժելու ավելորդ հրմշտոցները»,-ասել է նա:
Նախագահը շնորհակալություն է հայտնել կուսակցությանն օժանդակողներին: «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր երբևէ մի բարի խոսք են ասել Հանրապետական կուսակցության օգտին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մի փոքրիկ աղյուս են դրել, բայց ես երբեք չեմ հանդուրժել ու չեմ հանդուրժելու, չեմ կարևորելու մարդկանց՝ իրենց անձի մասին պատկերացումներով:
Տեսնում եմ՝ ով որքան է աշխատում, տեսնում եմ՝ ով ինչպես է աշխատում և իմ տեսանկյունից գնահատական եմ տալիս: Եթե մեզնից յուրաքանչյուրը ինքը պիտի որոշի, թե որտեղ է աշխատելու, ինչով պետք է զբաղվի, դա արդեն, ներողություն, բայց կդառնա շիլաշփոթ: Իսկ մեր պատասխանատվությունը շատ բարձր է, այնքան բարձր, որ, միգուցե, մեր հասարակության մեծ մասն էլ դա չի պատկերացնում:
Իշխանությունը, բազմաթիվ անգամ ասածս նորից կրկնեմ՝ վայելք չէ, սեփական բարեկեցությունը ապահովելու միջոց չէ: Իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է: Վստահ եմ՝ մենք ունենալու ենք կուսակցականների առավել արդյունավետ և առավել համապարփակ ներգրավվածություն մեր երկրի խնդիրների լուծման գործում: Բոլորի ներգրավվածությունն ենք ապահովելու: Իսկ ով համոզված կլինի, որ իր հսկայական պոտենցիալը անարդյունավետ է օգտագործվում, մենք նրանց կառաջարկենք գտնել ավելի արդյունավետ օգտագործող միջավայր»:
Հարակից հրապարակումներ`
- Ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը. Սերժ Սարգսյան
- ՀՀ նախագահը նախընտրական դաշինքների ձևավորումը «առողջ և ողջունելի գործընթաց» է որակել
- Սերժ Սարգսյան. Անձամբ ես դեմ չեմ 4-5 օրով տեղափոխել ընտրությունների օրը
- ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ խորհրդի նիստում
- «Մեր կուսակցությունը քաղաքական դաշտի օրակարգ ձևավորողն ու նշաձող սահմանողն է». Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ-ականներին
- Մեզ համար իշխանությունը վայելք չէ, այլ պատասխանատվություն. Սերժ Սարգսյանը՝ ՀՀԿ խորհրդի նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան