Մոուրինյո. «Ես ինձ լավ եմ դրսևորել` ոչ մի զգուշացում կամ հեռացում»
Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում «Հալ Սիթին» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: Չնայած պարտությանը, առաջին խաղում հաղթական արդյունքի շնորհիվ մանկունյանցիները կարողացել են դուրս գալ մրցաշարի եզրափակիչ:
Հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի մասնագետը, ով տոնում էր ծննդյան 54-րդ տարեդարձը, հրաժարվել է ընդունել իր թիմի պարտությունը` ակնարկելով, որ այդ խաղում 11 մետրանոց չկար: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
«Մենք չենք պարտվել, հանդիպման հաշիվը 1:1 է: Ես տեսել եմ միայն 2 գոլ` մեկը Պոգբան է խփել, մյուսը մրցակիցը: Կրկնում եմ, ես չեմ տեսել հանդիպման առաջին գոլը: Ինչևէ, մենք չենք պարտվել, մենք եզրափակչում ենք և տոնում ենք մեր հաջողությունը: Չեմ ուզում խոսել ոչ 11 մետրանոցի, ոչ էլ մեր խաղի մասին: Ես հանգիստ եմ: Ինձ լավ եմ դրսևորել պահեստայինների նստարանին` ոչ մի զգուշացում կամ հեռացում»,- ասել է Մոուրինյոն:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում կհանդիպի «Սաութհեմփթոնին»: «Հալ Սիթիի» հետ խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր, սակայն դուրս չեկավ խաղադաշտ: