Հիշեք Ռեյգանին. Բեռլինի քաղաքապետի բաց նամակը Թրամփին
Բեռլինի քաղաքապետ Միխաէլ Մյուլլերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված բաց նամակ է հղել, որտեղ նա խնդրել է Մեքսիկայի հետ սահմանին չկառուցել այդ պատը։ «ՌԻԱ-նովոստի» գործակալության փոխանցմամբ, Բեռլինի քաղաքապետի նամակը հրապարակվել է քաղաքապետարանի պաշտոնական էջում։
Մյուլլերը իր նամակում զուգահեռներ է անցկացրել Բեռլինյան պատի հետ, որը 1989 թվականին բաժանում էր Արևմտյան և Արևելյան Բեռլինը։
«Մենք՝ բեռլինցիներս, բոլորից լավ գիտենք, թե որքան ցավալի է, երբ մի ամբողջ աշխարհամաս բաժանված է հատվածների՝ մետաղյա ճաղերով ու պատերով», -գրել է Մյուլլերը՝ ավելացնելով, որ Բեռլինյան պատի քանդումը 20-րդ դարի լավագույն պահերից մեկն է եղել։
Նրա խոսքով, չպետք է թույլ տալ, որ բեռլինցիների պատմական փորձը «կեղտով ողողի» ամերիկացիներին, որոնց էլ հիմնականում պարտական են ազատության գաղափարներով։
«Ես կոչ եմ անում նախագահ Թրամփին՝ հիշեք ձեր նախորդ Ռոնալդ Ռեյգանին, հիշեք նրա խոսքերը՝ «Քանդեք այդ պատը»։ Եվ այդ պատճառով ձեզ ասում եմ՝ հարգելի պարոն նախագահ, մի կառուցեք այդ պատը», -նամակը եզրափակել է Բեռլինի քաղաքապետը։
Նշենք, որ Թրամփը նախագահի պաշտոնը պաշտոնապես ստանձնելուց հետո հրաման էր ստորագրել՝ հանձնարարելով առաջիկա ամիսներին սկսել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատի կառուցման աշխատանքները՝ այդպիսով կատարելով իր նախընտրական խոստումներից մեկը։