Մեր բանակը խաղաղություն ստեղծող և խաղաղություն պահպանող բանակ է. ԱԺ նախագահ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ։
«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ:
Ավելի քան քառորդ դար առաջ մեր բանակը ստեղծվեց այն օրերին, երբ մեր միասնականությունը բարձրակետում էր, ինչի շնորհիվ ամուր էր Արցախում հաղթանակներ արարող ազատամարտիկի, կամավորի ու զինվորի թիկունքը, ինչի շնորհիվ խաղաղություն պարտադրվեց հակառակորդին, ինչի շնորհիվ ամրապնդվեց ոչ միայն մեր հավատն ապագայի հանդեպ, այլև ազատագրվեց և ծնունդ առավ հայկական երկրորդ պետությունը:
Մեր բանակը խաղաղություն ստեղծող և խաղաղություն պահպանող բանակ է, հուսալի պաշտպանություն ապահովող, բայցև` հաղթական հարձակման պատրաստ բանակ: Մեր զինվորը խաղաղապաշտ է, բայցև` ոտնձգություն չհանդուրժող, նախնիների հաղթանակին լավատեղյակ և սեփական հաղթանակը կռող, հայրենիքի գինն իմացող և հայրենիքի վարկը մշտապես բարձրացնող, հողի արժեքն իմացող և հողից երբեք չհրաժարվող: Այդ հողի ու հայրենիքի համար են հայոց բանակի զինվորն ու սպան ծառայեցրել ու ծառայեցնում իրենց հմտություններն ու գիտելիքները, իրենց կորովն ու ոգին, հողի ու հայրենիքի համար նրանք ոչ միայն արյուն ու քրտինք են ներդրել, այլև կյանք զոհաբերել:
Սահմաններում խաղաղություն ապահովելով, մեր անվտանգությունն ապահովագրելով` հայոց բանակը մեզ պարտավորեցնում է միասնական լինել, որովհետև միասնականությամբ բազմապատկում ենք բանակի ուժը, որովհետև առանց միասնականության խաղաղությունը փխրուն է, պետությունը` երերուն, առաջընթացը` ժամանակավոր: Մենք պարտավոր ենք միասնականությամբ և համերաշխությամբ խաղաղ ծառայություն ապահովել հայոց բանակի զինվորի համար, որովհետև այն խաղաղությունը, որ նա ապահովում է մեր երկրի, մեր ընտանիքների համար, գին չունի, որովհետև խաղաղության բացակայությունը կարող է ճակատագրական լինել յուրաքանչյուր ժողովրդի ու պետության համար:
Մաղթում եմ, որ խաղաղությունը մշտական լինի թե մեր սահմաններում, թե մեր երկրի ներսում, յուրաքանչյուրիս ներսում: Մեր զինվորը վաստակած իրավունքով իր դիրքից ու հենակետից, խրամատից ու զորամասից միասնական լինելու ուղերձ է հղում մեզ, և մենք իրավունք չունենք միասնական չլինել:
Թող մեր բանակի համար յուրաքանչյուր օր բացվի խաղաղությամբ, և եթե այն պիտի խախտվի, թող խախտվի միայն մեր հերթական հաղթանակի հրավառությամբ, հաղթանակի բացականչությամբ, հաղթանակի համազարկով»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյան. Ներողություն եմ խնդրում, որ առայժմ չենք կարողանում իսպառ բացառել ցավալի կորուստները
- Հայկական բանակը դարձել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարևոր գործոններից մեկը. Բ.Սահակյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին