Դուխներս տեղն է, ամուր ու պինդ կագնած ենք սահմանին. Հայոց բանակի օրը՝ սահմանամերձ գյուղերում
Հունվարի 28-ը՝ Հայոց բանակի կազմավորման օրը, հայկական տոնացույցի ամենակարևոր օրերից մեկն է: Տոն, որ հպարտությամբ է նշում հայ ժողովուրդը՝ լինի հայրենիքում, թե սփյուռքում: Ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ այսօր Հայկական բանակն է հայ ժողովրդի անվտանգության միակ ու հաստատուն երաշխավորը:
Հայոց բանակի օրը սահմանամերձ գյուղերում հատուկ են տոնում, քանի որ սահմանին ապրող մարդն ամենից լավ է հասկանում բանակի կարևորությունը, նրա դերն ու առաքելությունը:
Գյուղերում բնակիչներից շատերն այսօր գնում են զորամասեր` շնորհավորելու զինվորների տոնը, ոմանք սեղաններ են գցում, շնորհավորում միմյանց ու բարի, անփորձանք ծառայություն մաղթում հայ զինվորին, հիշում զոհված ընկերներին…
Տոնի կապակցությամբ Panorama.am-ը զրուցել է Տավուշի մարզի սահմանամերձ որոշ գյուղերի գյուղապետերի հետ:
Այգեպարի դպրոցում երեկ մեծ շուքով նշել են Բանակի օրը: Գյուղապետ Անդրանիկ Այդինյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատերազմ տեսած գյուղի համար այս տոնն առանձնահատուկ նշանակություն ունի: Նրա խոսքերով՝ այսօր ամենակարևորը խաղաղությունն է:
«Այո, հայ զինվորն իր գործը կատարում է գերազանց և հմուտ, բայց ուզում եմ, որ նրանք հիմա ավելի զգոն ու ուշադիր լինեն: Մեր զինվորներին շնորհավորում եմ բանակի 25-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում անփորձանք ծառայություն: Թող խաղաղություն լինի, ամուր լինեն մեր տղաները»,- նշեց Անդրանիկ Այդինյանը:
Բերքաբեր գյուղի համայնքապետ Արթուր Մադաթյանն էլ նշեց, որ գյուղում բարձր տրամադրություն է, մարդիկ միմյանց շնորհավորում են ու ամենակարևորը՝ խաղաղություն մաղթում:
«Մեր երկրում թող միայն խաղաղություն լինի, թող մեր զինվորներն իրենց զենքն օգտագործեն միայն պոլիգոններում: Մեր ցանկությունը մեկն է՝ զինվորի մատը փուշ չմտնի, խաղաղ ծառայեն ու վերադառնան իրենց ընտանիքները»,- ասաց Բերքաբերի գյուղապետը:
Սահմանամերձ Բաղանիս համայքնում արդեն մի քանի տարի է հունվարի 28-ին առավոտյան գյուղի ազատամարտիկներն այցելում ու ծաղիկներ են դնում իրենց զոհված ընկերների շիրիմներին, որից հետո միջոցառումը շարունակվում է գյուղում: «Բաժակ ենք բարձրացնում մեր զոհված ընկերների, հետո՝ սահմանը ամուր պահող տղաների համար»,- մեզ հետ զրույցում ասաց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:
Նշենք, որ հունվարի 26-ին ավանդական զուռնա դհոլով բաղանիսցիները իրենց երեք զինակոչիկներին ճանապարհել են բանակ: Նարեկ Սահակյանը նշեց, որ զույգ եղբայրներն ու նրանց դասընկերը ծառայելու են Արցախում:
«Մեր զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն, թող նրանք գիտակցեն իրենց համազգեստի կարևորությունը, արժևորեն իրենց կատարած գործը մեր պետության համար: Հայրենիքը միակն է, որին պետք է տալ՝ առանց վերցնելու»,- ասաց նա:
Նարեկ Սահակյանը նաև հայտնեց, որ Բաղանիսում հիմա հանգիստ է, հունվարի 25-ին և 26-ին կրակահերթեր են արձակվել գյուղի ուղղությամբ: «Մենք արդեն իմունիտետ ենք ձեռք բերել, գյուղում մեծից փոքր գիտեն ինչպես, որտեղ պատսպարվեն կրակոցներից: Կարևորը մարդկային կորուստներ չունենանք: Դուխներս, տրամադրություններս տեղն է, ամուր ու պինդ կագնած ենք սահմանին»,- ավելացրեց Նարեկ Սահակյանը: