Հակառակորդի ուղղաթիռը խոցած Նարեկ Մալխասյան. «Հայտնվեցի ճիշտ պահին, ճիշտ տեղում»
Ապրիլյան պատերազմի օրերին ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանը, ով հակատանկային նռնականետով խոցել էր ԼՂՀ տարածք (Ջաբրայիլի ուղղությամբ) ներխուժած ադրբեջանական ուղղաթիռը, այսօր արդեն պայմանագրային զինծառայող է:
«Ապրիլյան դեպքերի ժամանակ ցանկություն առաջացավ, որ շարունակեմ ծառայել հայոց բանակին, քանի որ այդ ժամանակ շատ բան զգացի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Նարեկ Մալխասյանը:
Կոնկրետ իր բացառիկ ռազմական սխրանքի մասին Նարեկն ասաց. «Ուղղակի ստացվեց: Հայտնվեցի ճիշտ պահին, ճիշտ տեղում: Իմ փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուրը: Ինձ թվում է՝ ով էլ լիներ, կփորձեր նույնն անել»:
Հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտա այն զինծառայողներին, եթե, Աստված մի արասցե, մի օր հայտնվեն նույն իրավիճակում, ինչ ինքը, պատասխանեց. «Ամենակարևորը՝ յուրաքանչյուր զինծառայող կարողանա տիրապետել իր զենքին, յուրացնի այն գիտելիքը, որը նրան տրվում է: Կարևոր է նաև ճիշտ կողմնորոշվելը: Ընդհանրապես, պահից է գալիս, թե ինչ քայլերի կդիմես»:
Նարեկ Մալխասյանը շնորհավորեց զինծառայողներին Հայոց բանակի 25-ամյակի առիթով. «Բոլոր զինծառայողներին ցանկանում եմ խաղաղ ծառայություն: Բոլորն էլ վաղ թե ուշ հասնելու են իրենց ընտանիքներին, ամենակարևորը՝ խաղաղություն լինի»:
Շարքային Իգոր Միրզախանյանի միակ ցանկությունը ևս խաղաղությունն է:
Բանակի օրվա առիթով շնորհավորելով իր ծառայակից ընկերներին, նաև նորակիչներին, Իգորն ասաց. «Գիտեմ, շատ դժվար է, խեղդում է հարազատների կարոտը, բայց հնարավոր է դիմանալ և ողջ-առողջ հասնել ծնողներին: Սկզբում, իհարկե, անսովոր է ամեն ինչ, քանի որ կտրվում ես քո առօրյա կյանքից ու մտնում լրիվ նոր աշխարհ, կյանք: Սակայն հետո բանակային կյանքն էլ է դառնում սովորական, առօրեական և հնարավոր է հաղթահարել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին