Վենգերը որակազրկվել է 4 խաղով
Լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, որակազրկվել է 4 խաղով այն բանի համար, որ «Բարնլիի» հետ հանդիպման 93-րդ րոպեին շատ բուռն է արտահայտել իր դժգոհությունը՝ կապված «Արսենալի» դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածի հետ։ Գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսսը ֆրանսիացի մասնագետին հեռացրել է տեխնիկական գոտուց՝ նրան ուղարկելով տրիբունա։ Դրանից հետո Արսենը վիրավորել ու հրել է պահեստային մրցավարին։ Հենց վերջին գործողությունների համար է նա այդքան ծանր պատժի ենթարկվել։
Նշենք, որ «զինագործների» մարզիչն ընդունել է մեղադրանքն ու սեփական մեղքը։ Բացի որակազրկումից, Վենգերը նաև տուգանվել է 25 հազար ֆունտ ստեռլինգով։
Որակազրկման պատճառով Վենգերը չի կարող իր թիմի գործողությունները ղեկավարել «Սաութհեմպտոնի» հետ հունվարի 28-ին կայանալիք Անգլիայի գավաթի խաղարկության խաղում, ինչպես նաև «Ուոտֆորդի», «Չելսիի» ու «Հալլ Սիթիի» հետ Պրեմիեր լիգայի հանդիպումներում։