Բարձրակարգ գյուղտեխնիկա ներմուծելու դեպքում կկարողանանք 20-30 տոկոսով բարձրացնել ոլորտի արդյունավետությունը. գյուղնախարար
«Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի այսօրվա կարևորագույն խնդիրներից մեկը գյուղտեխնիկայի վերազինումն ու արդիականացումն է»,-այս մասին նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ռուսաստանյան մի շարք ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
«Քանի որ առկա տեխնիկան մաշվածության պատճառով թույլ չի տալիս ապահովել ոլորտում բարձր բերքատվություն, մենք այժմ կազմակերպում ենք հանդիպումներ տարբեր ընկերությունների հետ` նրանց արտադրանքին ավելի մանրամասն ծանոթանալու և մատչելի գներով ձեռք բերելու համար: Մեր նպատակն է մինչև գարուն ունենալ գյուղտեխնիկա ներմուծող, որպեսզի սկսենք գյուղատնտեսական աշխատանքները», - նշել է նախարարը։
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման նախագիծ, որը մասամբ սուբսիդավորվելու է պետության կողմից, որպեսզի վերջնական շահառուին գյուղտեխնիկան հասնի մատչելի գներով:
«Եթե մենք կարողանանք ներմուծել բարձրակարգ գյուղատնտեսական տեխնիկա, ապա կկարողանանք 20-30 տոկոսով բարձրացնել ոլորտի արդյունավետությունը և մեր ներքին արտադրանքը դարձնել ավելի մրցակցային», - ընդգծել է Իգնատի Առաքելյանը:
Աղբյուրը նշում է, որ հյուրերի տեղեկացմամբ որոշ ռուսաստանյան ընկերություններ շահագրգռված են նաև Հայաստանում կազմակերպել տրակտորների հավաքում:
Հանդիպման ընթացքում ռուսաստանյան ընկերությունների ներկայացուցիչները համառոտ ներկայացրել են իրենց գործարաններում արտադրվող տեխնիկան և հույս հայտնել, որ հայկական կողմին կհետաքրքրի առաջարկվող արտադրանքը: