Լևոն Արոնյանը հավակնում է տեղ զբաղեցնել մրցանակային եռյակում
Հոլանդիայում շարունակվող «Տատա Սթիլ» շախմատի մրցաշարում կայացել են 11-րդ տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Ռադոսլավ Վոյտաշեկի հետ: Կողմերը հաշտություն են կնքել խաղի 56-րդ քայլին: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
11-րդ տուրում իր պարտիան հաղթանակով է ավարտել միայն Վեյ Յին. նրա մրցակիցն էր Սերգեյ Կարյակինը: Մրցաշարի առաջատար Ուեսլի Սոն կարճատև պայքարից հետո համաձայնվել է միավորը կիսել Դմիտրի Անդրեյկինի հետ: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը չի կարողացել հաղթանակ տոնել Բաշկարան Ադհիբանի նկատմամբ: Գիրի- Հարիկրիշնա, Ռապորտ - Վան-Վելի և Նեպոմնյաշչի – Էլյանով պարտիաները նույնպես ավարտվել են ոչ-ոքի արդյուքնով:
11-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Ուեսլի Սոն, ով վաստակել է 7.5 միավոր: 2-րդ հորիզոնականում ընթացող Վեյ Յին առաջատարից հետ է մնում կես միավորով: Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենն ու Պավել Էլյանովը վաստակել են 6.5-ական միավոր և կիսում են 3-5-րդ հորիզոնականները: Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր: