Սեյրան Օհանյանը չի բացառում Գագիկ Ծառուկյանի հետ միավորվելը
Ես որոշել եմ օգտվել սահմանադրական իմ իրավունքից ու մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք հնարավորություն են ընձեռում իրենց մասնակցությունը բերել նոր կառավարման համակարգի ձևավորմանը։ Այդ մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Այս նոր կառավարման համակարգը պետք է նոր մշակույթ բերի ու, անկեղծորեն ասած, պետք է փորձարկվի, որովհետև սա նորություն է մեր իրականության մեջ։ Այդ առումով մենք գնում ենք հանունի՝ հանուն գաղափարի, հանուն Հայաստանի, հանուն մեր երկրի զարգացման», -հավելեց նախկին պաշտոնյան։
Նա նկատեց, որ բանակը կայացած կառույց է ու ավելին, ներկայիս ղեկավարության «ջանքերի շնորհիվ կամաց կամաց առաջ է ընթանում»։ Օհանյանի խոսքով, բանակի թիկունքը պետք է ամուր լինի, իսկ դրա համար պետք է լինեն ոլորտային զարգացումներ։
Հարցին, թե արդյոք այդ զարգացումը հնարավոր չէ՞ ապահովել գործող իշխանությունների օրոք և պետք է պարտադիր իշխանափոխություն կատարվի՞, Օհանյանը պատասխանեց, որ կառավարման ներկայիս համակարգում բավականին լուրջ խնդիրներ կան և հավելեց. «Այդ խնդիրները պետք է միասնաբար լուծվեն, որ մարդիկ ազատ, անկախ մանսակցեն այդ ընտրություններին»։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հետ հնարավոր դաշինք կազմելուն, Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենք այժմ փորձում են ստեղծել համախոհների, գաղափարակիցների թիմ, որոնք կարող են լինել մեկ կամ տարբեր կուսակցության մեջ։ Ծառուկյանի դաշինքի հետ բանակցությունների մասին հարցին ի պատասխան, նախկին պաշտոնյան ասաց.
«Հանդիպումներ եղել են և դրանց ընթացքում մենք որոշակի զրուցել ենք առաջիկա նպատակների մասին, և այսօր յուրաքանչյուրը իր համախոհների թիմն է հավաքում, որ հետագայում տեսնենք՝ ինչ կարող է լինել»։
Միավորվելը չի՞ բացառվում հարցին, Օհանյանը պատասխանեց. «Ոչ մի բան չի բացառվում, աշխատանքները ընթանում են»։
Նաև ասաց, որ ինքն իր առջև խնդիր է դրել համախոհների թիմով առաջ գնալ. «Նպատակ չունենք կանգնելու, գնալու ենք մասնակցելու ընտրություններին և ունենալու մեր դրեակատարությունը մեր երկրի զարգացումը ապահովելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան