Դիմիտրով. «Նադալն իսկական մարտիկ է և արժանի էր հաղթանակի»
Բուլղարացի թենիսիստ Գրիգոր Դիմիտրովը մեկնաբանել է իր պարտությունը Ռաֆայել Նադալից Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում։
«Նման խաղերում պարտությունը միշտ հոգեբանորեն դժվար է,- Դիմիտրովի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Այդուհանդերձ, երջանիկ եմ ու պահպանում եմ լավատեսությունը։ Իհարկե, Նադալն այս պահին արժանի էր այդ հաղթանակին, քանզի իսկական մարտիկ ու արժանի մրցակից է։ Ռաֆայի հետ այս խաղը մեծ պատիվ է ինձ համար։ Նա ցուցադրեց, որ ես ճիշտ ճանապարհի վրա եմ գտնվում։
Ընդհանուր առմամբ՝ ինձ նորմալ էի զգում։ Հինգերորդ սեթում զգացի, որ դեռ բավարար ուժեր ունեմ։ Արդեն վաղուց ուշ եմ պառկում քնելու, սակայն կորտում քնատ տեսք չունեի։ Ֆիզիկական առումով ինձ մոտ ամեն ինչ կարգին է։
Զարմացած չեմ սեփական ելույթից, որովհետև խաղի հստակ պլան ունեի։ Գիտեի, թե ինչպես է գործելու Ռաֆան, ուստի աշխատեցի՝ համաձայն իմ պլանի։ Այդուհանդերձ, Նադալը փոխեց իր մարտավարությունը, եթե համեմատենք մեևր նախորդ հանդիպման հետ, որը կայացավ Պեկինում։ Մեզնից յուրաքանչյուրն իր զենքն ուներ, և այսպիսի արդյունք ստացանք»։
Նշենք, որ այս մրցաշարից հետո Դիմիտրովը կբարձրանա համաշխարհային դասակարգման ցուցակի 12-րդ հորիզոնական։