Կյանքի համար կռիվ տվող զինծառայողը
Նախորդ տարի հունիսին մարտական հենակետում ծանր վիրավորված Ալբերտ Դալլաքյանը մի քանի վիրահատություններից ու վերականգնողական երկար բուժումներից հետո արդեն տանն է, ապրում է մոր ու փոքրիկ քրոջ հետ։
Ալբերտը Ռոտովի պետական համալսարանի բիզնեսի կառավարում բաժնի 2-րդ կուրսի ուսանող էր։ 2015-ին ծնողներից գաղտնի հետաքրքրվել, տարկետում է վերցրել, գրեթե փախել է Հայաստան՝ բանակում ծառայելու։
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Ալբերտի մայրը՝ Արմինե Ղազարյանը հպարտությամբ ու միաժամանակ կսկիծով է հիշում հետագայում իրենց հայտնի դարձած այն բոլոր դրվագները, թե ինչպես է Ալբերտը Երևանի ընկերների միջոցով կապվել Զինկոմիսարիատի հետ... ու կատարվել է անխուսափելին՝ մեկնել է բանակ ծառայության։
2016-ի հունիսին մարտական հենակետում ծառայակցի կողմից զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով ծանր դիպվածը վտանգում է երիտասարդ տղայի կյանքը՝ գնդակն անցել էր գլխուղեղի ձախ կիսագնդի մոտով՝ արյունատար անոթի միջով։ Հունիսի 27-ին Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատվում է, որից հետո Ալբերտին տեղափոխելու հարցը վտանգավոր է եղել, բայց դիմել են ռիսկի. ուղղաթիռով նրան անմիջապես տեղափոխել են Երևան, մինչ այդ երկու անգամ ուղղաթիռն իջեցնելով, որ վիճակը կայունանա, շարունակեն։
Երևանում արդեն Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում (Մուրացան) երկու ծանր վիրահատություն է տարել Ալբերտը։ Լավագույն մասնագետների խումբը՝ բժիշկ Աճեմյանի գլխավորությամբ, ժամերով պայքարել է Ալբերտի կյանքը փրկելու համար։ Հետվիրահատական շրջանն էլ հեշտ չի հաղթահարել, և 70 օր Ալբերտը մնացել է հոսպիտալում։
Մայրն ասում է. «Երբեք չեմ մոռանա, թե հոսպիտալում ինչպես զինհաշմանդամների ցուցակում կարդացի տղուս անունը, գրած էր՝ 1-ին կարգի հաշմանդամ Ալբերտ Դալլաքյան։ Բայց միակ որդուս փրկեցին հոպիտալում, ուրիշ տեղ լիներ, հույս չէին տա, վստահ չէի կփրկվեինք»։
Ալբերտը հոսպիտալից դուրս գրվելուց հետո տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն։ Այստեղ նրան դիմավորել են մյուս զինծառայողները։ Ասում է՝ տեսավ նրանց անվասայլակին ու հրաժարվեց, որ իրեն էլ անվասայլակ տրամադրեն։
Ռիսկային վիրահատություններից հետո վերականգնողական շրջանը հաղթահարում է մոր աջակցությամբ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում վարձակալած բնակարանում։ Տանը աշխատող չկա, ապրում են Ռուսաստանից հոր ուղարկած փոքր դրամական միջոցներով։
«Հայաստանում մնալը ծանր է, մանավանդ չունենք տուն, վարձով ենք ապրում, բայց չկա ուրիշ ելք, Ալբերտը պիտի վերականգնվի պիտի ացնի ինքնուրույն կյանքի», -ասում է տիկին Արմինեն։
7 ամիսների ընթացքում տարբեր բուժական պրոցեդուրաներից հետո Ալբերտի խոսքում փոփոխություն կա։ Հոսպիտալից հետո վերականգնողական շրջանում արված մերսումներն ու բուժումները օգնել են, որպեսզի Ալբերտը սկսի ուտել, տեղաշարժվել՝ թեկուզ մեկի օգնությամբ, վերականգնվել է խոսքի կենտրոնը, շփվում է արդեն։ Մեծ երախտագիտությամբ է հիշում իր հետ աշխատած բոլոր բուժքույրերին, հոգատար բժիշկներին, կամավոր մասնագետներին։
Տիկին Արմինեի խոսքով, ճիշտ է տեսողության, հիշողության հետ կապված խնդիրները դեռ պահպանվում են, բայց հույս ունեն, որ հերթական ու դժվարին վիրահատությունից հետո դրանք էլ կչեզոքանան։
Օրերս նրանց են այցելել «Նվիրում» հիմնադրամի անդամները։ Հիմնադրամի նախագահ Գեղամ Հարությունյանը Panorama.am-ին ասաց, որ հիացած են հատկապես տիկին Արմինեի վճռական կամքով, ապագայի հանդեպ ունեցած նրանց հաստակամությամբ ու հավատով։
«Ընդհանրապես, շատ ենք այցելում վիրավորված զինծառայողների ընտանիքներին և պետք է ասեմ, որ հիասքանչ մայրեր են մեր հայ կանայք՝ մեծ սիրտ, մեծ հոգի ու ապրելու և գործելու մեծ պլաններ ունեցող մարդիկ էին նրանք», -ասում է Հարությունյանը։
Նկատենք, որ «Նվիրում» հիմնադրամը ստեղծվել է ապրիլյան ծանր դեպքերից հետո՝ 2016-ի ապրիլի 7-ին։ Հիմնադիրներն են Արտակը Զեյնալյան, Աշոտ Մելքոնյանը, Իշխան Ավետիքյանը, Խաչիկը Գասպարյանը, Լևոն Բարսեղյանը և այլք։ «Նվիրում» բարեգործական հիմնադրամի նպատակն է օգնություն ցուցաբերել մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին։