ՀՀ ԶՈՒ կազմավորման 25-ամյակի կապակցությամբ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն
Հայկական բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անձնուրաց քաջության, անմնացորդ նվիրումի, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստվածության գործում ունեցած ավանդի համար շուրջ երկու հարյուր զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներով, շքանշաններով ու մեդալներով, շնորհել նաև բարձրագույն զինվորական կոչումներ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հանրապետության Նախագահը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ:
«Հարգելի՛ պարգևատրվածներ,
Շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա և հայրենիքի բարձր պարգևներին ու կոչումներին արժանանալու կապակցությամբ:
Մենք շնորհակալ ենք ձեր կատարած հսկայական աշխատանքի համար, որ կոչվում է ծառայություն հայրենիքին: Առաջին հերթին մենք պետք է ոգեկոչենք այն անմահներին, ում մենք այսօր պարգևատրում ենք հետմահու: Մենք՝ մեր ողջ ժողովրդով, կանգնում ենք հերոսներ դաստիարակած ծնողների կողքին, այս ընտանիքներին ենք ուղղում սփոփանքի և գոտեպնդման մեր խոսքը:
Տղաներն ընկան՝ պաշտպանելով իրենց ընտանիքները, իրենց հարազատներին և մեզ բոլորիս: Նրանք նահատակվեցին, որ ապրի Հայաստանը, որ ապրեն և իրականություն դառնան մեր ժողովրդի երազանքները: Նրանք անմահացան, որ բոլորիս հետ միասին շարու¬նա-կեն հայության դարավոր և հավերժական երթը:
Շնորհավորում եմ նրանց, ովքեր այս պահին դահլիճում են և մեր Զինված ուժերի շարքերում շարունակում են իրենց զոհված մարտական ընկերների նվիրական գործը: Իմացե՛ք, որ հայրենիքը վստահում և հավատում է ձեզ:
Մենք հպարտանում ենք ձեզնով, դուք մեր ժողովրդի արժանավոր զավակներն եք, մեր ժողովրդի ուժն ու ապավենը»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին