Hürriyet-ի անդրադարձը Գյումրիում ռուսական «Небо-М» կայանների տեղակայմանը
Ռուսաստանը Հայաստանի տարածքում նորագույն «Небо-М» ռադիոտեղորոշիչ կայաններ է տեղակայել: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, թուրքական «Hürriyet» պարբերականը անդրադարձել է կայանի տեղակայմանը և դրա նշանակությանը:
Ըստ աղբյուրի, «Небо-М»-ը ռուսաստանյան ռադիոտեղորոշիչ կայանների շարքում նորագույններից է: Կայանի գործողության առավելագույն հեռավորությունը 1800 կիլոմետր է, միաժամանակ այն կարող է վերահսկել մինչև 20 բալիստիկ հրթիռների թռիչքները:
Թերթը մեջբերում է ռուս ռազմական փորձագետ Եվգենի Դամանցևի հետևյալ դիտարկումը. «Ռուսաստանը սկսում է վերահսկել այլ երկրների օդային տարածքները՝ կրկին մեծացնելով իր ազդեցությունը Կովկասում: Օգտվելով Հայաստանի հետ սերտ ռազմական համագործակցությունից՝ Ռուսաստանը Գյումրիի 102-րդ ռազմակայանում տեղակայել և գործարկել է «Небо-М» ռադիոտեղորոշիչ կայաններ»:
«Hürriyet»-ի բնորոշմամբ՝ Հայաստանի անվտանգության տեսանկյունից այս կայանների տեղադրումը Գյումրիում որևէ էական նշանակություն չունի:
«Բայց դա Վրաստանի ու Ադրբեջանի օդային տարածքը ամբողջությամբ, իսկ Թուրքիայի, Իրաքի և Իրանի օդային տարածքների մի հսկայական հատված մասամբ դիտարկելու հնարավորություն է տալիս: Հայկական ռազմական աղբյուրները Ռուսաստանի այս քայլը բնորոշում են որպես հակակշիռ Ադրբեջանի՝ Իսրայելից գնած «Green Pine» ռադիոտեղորոշիչ կայանների: Սակայն իրական նպատակը Թուրքիայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից օգտագործվող Ինջիրլիքի ռազմաբազայի վերահսկումն է »,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան