Ժոզե Մոուրինյո. «Մենք գոհ ենք Մխիթարյանից»
«Ուիգանի» նկատմամբ Անգլիայի գավաթի խաղարկությունում 4։0 հաշվով տոնած հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին։ Հայ ֆուտբոլիստն այդ խաղում աչքի է ընկել խփած գոլով։
«Մենք արժանիորեն հաղթեցինք։ Առաջին խաղակեսն այնքան էլ լավը չէր, սակայն մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց գոլ խփել։ Այդ գնդակը մեզ հնարավորություն տվեց միանգամայն այլ կերպ անցկացնել երկրորդ կեսը։ Ընդմիջմանը խոսեցինք տղաների հետ և հասկացրեցինք, որ առաջին կեսում բավարար չափով լավ չեն գործել։
Խոսեցինք այն մասին, որ անհրաժեշտ է մի քանի բան փոխել թիմի դինամիկայում։ Եվ տղաները լավ ընդունեցին մեր խոսքերը, քանզի երկրորդ խաղակեսն անցկացրեցինք անհրաժեշտ մակարդակով։
Բաստիան Շվայնշտայգերը կմնա և կվերահայտավորվի թիմի կազմում՝ Եվրոպայի լիգային մասնակցելու համար։ Բանն այն է, որ, կապված Դեպայի ու Շնայդերլինի հեռացման հետ, ազատ տեղեր ունենք։ Կիսապաշտպանությունում խաղացողներն ու տարբերակներն այնքան էլ շատ չեն, այնպես որ, Բաստիանը, անկասկած, մեր տարբերակներից մեկն է։ Հնարավոր է՝ նրա համար հեշտ չէր խաղալ 90 րոպե, սակայն, կարծում եմ, դրական հզոր լիցք ստացավ խփած գոլից հետո։ Իսկական պրոֆեսիոնալ էր, երբ չէր խաղում, և շարունակում է այդպիսին մնալ այն բանից հետո, երբ սկսեց խաղային ժամանակ ստանալ։ Դեռ շատ խաղեր պետք է անցկացնենք տարբեր մրցաշարերում, ուստի Բաստիանը մեր տարբերակներից մեկն է։
Կարծում եմ՝ թիմային գործողությունները լավ մակարդակի վրա էին։ Ֆուտբոլիստների անհատական գործողությունները նույնպես լավն էին։ Իհարկե, ոմանք լավ խաղացին, քան մյուսները, բայց սա ֆուտբոլ է։ Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ, թե ինչպես անցկացրեցինք այս հանդիպումը։
Երբ Միկին հայտնվեց հիմնական կազմում, և մենք, և նա հասկանում էինք, որ արդեն լիարժեք պատրաստ է։ Նա անմիջապես ազդեցություն թողեց թիմի խաղի վրա։ Այնուհետև «Տոտենհեմի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով ոչ մեծ ընդմիջում ունեցավ, սակայն վերադարձավ ու շարունակում է խաղալ շատ լավ մակարդակով։ Այկնպես որ, մենք գոհ ենք նրանից»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է manutd.ru-ն։