Հրաչյա Հարությունյանը միջնորդել է ՌԴ իրավապահներին իրեն տեղափոխել Հայաստան
Ռուսաստանի Պոդոլսկի շրջանում 2013-ին «Կամազ» մակնիշի բեռնատարի վթարի գործով 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը միջնորդություն է ներկայացրել ՌԴ իրավապահներրին՝ իրեն Հայաստան փոխանցելու համար։ Այդ մասին «Ազատություն» ռ/կ ուղիղ եթերում տեղեկացրել է Հարությունյանի պաշտպանությունն իրականացրած փաստաբան Ռուբեն Մարգարյանը։
«Բայց դա շատ երկար պրոցես է և այդքան շուտ չի արվում։ Պետք է տարբեր պետական մարմիններ իրենց համաձայնությունը դրան տան, որից հետո միայն այդ որոշումը կկայացվի։ Պետք է Հայաստանը իր համաձայնությունը տա, որ պատրաստ է ընդունել այդ մարդուն իր մոտ», -հավելեց փաստաբանը։
Հարցին, թե արդյոք տվե՞լ է Հայաստանն իր համաձայնությունը, Մարգարյանը պատասխանել է. «Հուսով եմ՝ տված կլինի։ Այս գործն այնքան աղմկոտ գործ է, որ կզարմանամ, եթե համաձայնություն տված չլինի»։
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանը, որն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճռի համաձայն, Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:
Հարակից հրապարակումներ`
- Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց
- ՌԴ Մարդու իրավունքի հանձնակատարի ներկայացուցիչները կայցելեն Հրաչյա Հարությունյանին
- ԱՆ-ն անում է հնարավորը Հրաչյա Հարությունյանի փոխանցման գործընթացը արագացնելու համար
- Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցում 2016-ին կունենանք առաջընթաց. նախարար
- Հրաչյա Հարությունյանին Հայաստան վերադարձնելու վերջնական որոշում պետք է կայացնի ռուսական դատարանը. ԱՆ փոխնախարար