Մատթեուսը Լյովին խորհուրդ չի տալիս հույսեր կապել Մյուլլերի հետ
Միլանյան «Ինտերի» ու «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատթեուսը Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին խորհուրդ չի տալիս մյունխենյան թիմի հարձակվող Թոմաս Մյուլլերին ընդգրկել այն խաղացողների շարքում, ովքեր պետք է մասնակցեն Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը։ Մյուլլերն այս մրցաշրջանում խաղային ճգնաժամ է ապրում։ Նա մասնակցել է Բունդեսլիգայի 15 հանդիպման, խփել ընդամենը 1 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
«Ամեն դեպքում՝ Մյուլլերը չպետք է մասնակցի մրցաշարին։ Ինձ թվում է, որ Լյովը հենց այդպես էլ մտադիր է վարվել։ Թոմասին և մի շարք այլ խաղացողների, ովքեր շատ ծանրաբեռնված են եղել, նա թիմ չի հրավիրի։ Լյովը դա կանի միայն այն բանի համար, որպեսզի աշխարհի առաջնությունից առաջ այդ խաղացողները հանգստանալու հնարավորություն ունենան»,- Մատթեուսի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Ավելացնենք, որ Կոնֆեդերացիաների գավաթի հերթական խաղարկությունը կանցկացվի Ռուսաստանում, հունիսի 17-ից հուլիսի 2-ը։