187 հայ ուսանողներ հնարավորություն կունենան սովորելու Ռուսաստանի բուհերում
Փետրվարի 1-ից մեկնարկում է ռուսական բուհերում հայ դիմորդների ընդունելության մրցույթը։
«ՌԴ բյուջեից հատկացված միջոցների հաշվին ռուսական բուհերը ուսման հայտեր կընդունեն 2017-2018 թվականների ուսումնական տարվա համար։ Այս տարվա համար հատվացվել է 187 բյուջետային տեղեր, որոնք երաշխավորված քվոտաներ են, սակայն եթե մրցույթի ժամանակ ժամանակ լինեն դիմորդներ, որոնք ևս կդիտարկվեն որպես լավ թեկնածուներ, նրանք կընդգրկվեն լրացուցիչ քվոտային տեղերում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդական Օլեգ Շապովալովը։
ՀՀ ԿԳ նախարարի խորհրդական Նունե Վարդանյանը տեղեկացրեց, որ դիմորդները կարող են հայտեր ներկայացնել ՌԴ ԿԳ նախարարության ենթակայության տակ գտնվող բուհերի բակալավրիատում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, արդինատուրայում սովորելու համար. «Այս տարի մեր խնդրանքով ավելի շատ տեղեր են հատկացվել բնական գիտությունների ու տեղեկատվական տեխնոլոգիաների հետ առնչվող մասնագիտությունների համար։ Չորս-հինգ տարուց հետո մեր ուսանողներին սպասելու ենք այստեղ՝ Հայաստանում, կանենք այնպես, որ նրանք ապահովված լինեն աշխատանքով և նպաստեն երկրի տնտեսության զարգացմանը»։
Հանդիպմանը ներկա Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար Մարկ Կալինինի խոսքով՝ մրցույթը կանցկացվի ՀՀ ԿԳ և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հետ միասին. «Կփորձենք այնպես անել, որ դիմորդների ընտրությունը լինի հնարավորինս բաց, թափանցիկ ու պարզ բոլոր մասնակիցների համար»։
Մրցույթի անցկացման մի քանի դետալների վրա կանգ առնելով՝ նա նշեց, որ այս տարի բոլոր դիմորդները կարող են գրանցվել Russia.study կայքում, լրացնել հայտը և ավտոմատ կերպով հայտնվել մրցութային ընտրացանկում։
Իսկ թե ինչ չափանիշների վրա է այս տարի առավել մեծ ուշադրություն դարձվելու, Կալինինն ասաց. «Բակալավրիատի համար առաջին հերթին կդիտարկվի միջնակարգ կրթության ատեստատի միջին միավորը, մագիստրատուրա դիմողների դեպքում՝ բակալավրիատի դիպլոմի միջին միավորը։ Ասպիրանտուրայի և արդինատուրայի համար ավելի բարդ մրցութային չափորոշիչներ են սահմանաված, դիպլոմից բացի՝ ուշադրություն կդարձվի հրատարակված հոդվածների քանակին, կոնֆերանսների մասնակցությանը, գիտաշխատողների հետ փոխգործակցությանը։ Բոլոր դիմորդներն անպայման քննություն կհանձնեն ռուսաց լեզվից։
Կհանձնեն նաև պրոֆիլային առարկայական քննություն, որի ցանկը կտեղադրվի այսօր ՀՀ ԿԳՆ և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կայքերում։ Սրանից հետո, ընտրված դիմորդները մարտին հարցազրույց կանցնեն, որից հետո էլ պարզ կդառնան այն բոլոր մասնակիցները, ովքեր կրթություն կստանան ՌԴ բուհերում։ Դիմորդները նաև հնարավորություն կունենան անհամաձայնությունների դեպքում բողոքարկել հատուկ հանձնաժողովին»։
«Ինտեր-էքսպո» ընկերության գլխավոր տնօրեն Ադելինա Քոչարյանը հավելեց, որ դիմորդների ընտրության փուլը կանցկացվի մարտի 1-3 Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում՝ «Կրթություն` ХХI դար» ցուցահանդեսի ժամանակ, որտեղ էլ կներկայացվեն Ռուսաստանի այն բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, որտեղ հնարավորություն կունենան սովորել ՀՀ քաղաքացիություն ունեցող ուսանողները։
Նշենք, որ բուհերի ցանկի մեջ է մտնում նաև Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին