2016 թվականը տնտեսական առումով դժգույն, գորշ տարի էր. Բագրատ Ասատրյան
2016 թվականը տնտեսական առումով ոչ մի բանով աչքի չի ընկել. դժգույն, գորշ տարի էր, որը գրեթե ոչինչ չտվեց: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, ԵՊՀ դոցենտ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքերով՝ թեև Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալները չի ամփոփել, բայց լավագույն դեպքում 2016 թվականին կգրանցվի մինչև 1%-ի տնտեսական աճ:
«Անկումը բնորոշ է այն ոլորտներին, որոնք զբաղվածության առումով մեծ դերակատարություն ունեն՝ շինարարություն, գյուղատնտեսություն: Մինչդեռ առաջանցիկ զարգացում է ապրել արդյունաբերությունը, որը մենք գիտենք ինչպես է զարգանում: Ցավոք, այդ զարգացումը չի ապահովում համարժեք աշխատատեղեր: Արդյունքում՝ վերջին տարիներին աճել է արտագաղթը»,- ասաց տնտեսագետը:
Բագրատ Ասատրյանը միաժամանակ նշեց, եթե անգամ նախորդ տարի տնտեսական առումով դրական հաջողություն ունենայինք, ապա այն նսեմացված կլիներ. «Խոսքը գնում է ապրիլյան պատերազմի, հուլիսյան դեպքերի մասին»:
Միաժամանակ տնտեսագետն ասաց, որ անցած տարին տրամաբանական շարունակությունն էր նախորդ տարիների: Մասնավորապես, ներկայացնելով 2008-2016 թթ-ի ցուցանիշները՝ Բագրատ Ասատրյանը տեղեկացրեց, որ նախնական տվյալներով, նշված ժամանակահատվածում գրանցվել է ՀՆԱ 11 տոկոսի անկում:
«Սա տեղի է ունեցել այն պարագայում, երբ արտաքին պարտքն աճել է 311 տոկոսվ, աղքատությունը` 26,4-29,8%-ով»,- ընդգծեց նա:
Բացի այդ, ըստ տնտեսագետի, ութ տարիների ընթացքում պետական պահպանման ծախսերի աճը կազմել է 265%, մինչդեռ նույն ժամանակահատվածում կրթության ոլորտին ուղղված ծախսերի աճը կազմել է 123,3%. «Այս թվերը վկայում են այն մասին, որ խնդիրները չեն լուծվում: Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մնում է արտագաղթը: Փոխվեց իշխանություն, վարչապետ, որն ինչ-որ բաների մասին խոսեց, բայց ես մինչ օրս չեմ լսել լուրջ հարցադրում, որն այս սարսափելի երևույթի կանխմանը պետք է ուղղված լիներ: Այս տարվա բյուջեն էլ ոչ մի շտկում չմտցրեց, նորից նշված ծախսերն ավելանում են»:
Անդրադառնալով 2017 թվականի սպասումներին՝ տնտեսագետը նշեց, որ տարին նախընտրական է, իսկ իշխանությունները միայն մեկ բան են ուզում՝ վերարտադրվել, թեև ասում են, որ փոխվել են, պայքարում են մենաշնորհների դեմ, մինչդեռ, ըստ նրա, այդ բարեփոխումներն այդպես էլ մնացին բանանային. «Տնտեսության մեջ պատկերը մնում է նույնը՝ էլի օլիգարխիկ համակարգ, մենաշնորհներ, որոնց առանցքը, հիմքը քաղաքական մենաշնորհներն են»:
Բագրատ Ասատրյանը նշեց նաև, որ ի տարբերություն 2016թ-ի, այս տարին տնտեսական առումով ավելի թեթև կլինի: