Առաջարկվել է տեսախցիկներ տեղադրել 765-ից ավելի ընտրող ունեցող ընտրատեղամասերում
Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցով միջկուսակցական հանձնաժողովի այսօրվա նիստում առաջարկվել է տեսախցիկներ տեղադրել 1500 այնպիսի ընտրատեղամասերում, որոնցում ընտրողների թիվը անցնում է 765-ից։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց հանձնաժողովի դաշնակցական անդամ Համլետ Աբրահամյանը։
Նա տեղեկացրեց, որ այս հարցով որոշում այսօր չի ընդունվել, քանի որ հանձնաժողովում Հայ Ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչը ժամանակ է խնդրել քննարկելու և ավելի ուշ որոշման մասին տեղեկացնելու համար։
«Հանձնաժողովի բոլոր մասնակիցները համաձայնեցին, որ 765 ընտրողից ավելի ընտրող ունեցող ընտրատեղամասերում տեղադրվեն տեսախցիկներ։ Բոլորը համաձայնեցին, բայց ՀԱԿ-ը ժամանակ խնդրեց, որ իրենց մոտ քննարկեն, հետո պատասխան տան», -հավելեց Համլետ Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ նույն հանձնաժողովը որոշել էր, որ տեսախցիկներ կտեղադրվեն ոչ թե գոյություն ունեցող 2000 ընտրատեղամասերում, այլ 1500-ում։ Տեսախցիկների գնման մրցույթում հաղթած «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» ընկերությանը տեսախցիկների տեղադրման համար հատկացվելու է 2 մլն 332 հազար եվրո, որից 2 մլն եվրոն՝ Եվրոպական Միության կողմից, իսկ մնացածը՝ պետության։
1500 տեղամասում տեղադրվելու է 1-ական տեսախցիկ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան