Ապագա խորհրդարանում ներկայացված կլինեն 5-7 քաղաքական ուժեր. Ահարոն Ադիբեկյան
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը ուսումնասիրել է դաշտը ու պարզել՝ ապրիլյան սպասվող ընտրությունների արդյունքում ապագա խորհրդարանում ներկայացված կլինեն 5-7 քաղաքական ուժեր։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը։
Մինչ տվյալները ներկայացնելը, նա շտապեց տեղեկացնել. «Մենք հարցում պլանավորում ենք այս շաբաթվա վերջ անել։ Սոցիոլոգիան թույլ չի տալիս ամպամած, անձրևոտ եղանակին հարցումներ կատարել, պարտադիր պետք է լինի արև, որ մարդիկ կարողանան շնչել»։
Այդուհանդերձ, ներկայացնելով իրենց եզրակացությունը, Ադիբեկյանը տեղեկացրեց, որ իրենց պնդմամբ, տասը քաղաքական ուժ կարող է հավակնել Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելուն։
«Ազգային ժողովում այդ տասը ուժերից կլինեն հինգը, որովհետև ունեն բավական մեծ սոցիալական հենք, ունեն կազմակերպչական կառույցներ, ունեն խարիզմատիկ դեմքեր ու ամենակարևորը ունեն ֆինանսներ։ Դա Հանրապետականն է, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ՀԱԿ-ը և «Հայկական Վերածնունդը»», -ներկայացրեց Ադիբեկյանը։
Ներկաներից մեկի զարմանքին՝ նաև ՀԱ՞Կ-ը, Ադիբեկյանը պատասխանեց. «ՀԱԿ-ը ունի հնից պահած երկրպագուներին, թե գումարային առումով ոնց են անելու, դա ինձ չի հետաքրքրում։ Հինգ տոկոսանոց շեմը կարող են հաղթահարել, դրա համար մենք ՀԱԿ-ին տալիս ենք հավակնություն»։
Նրա խոսքով, «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ը կորցրել է իշխանամետ էլեկտորատը, ՀՅԴ-ն՝ ընդդիմադիր, ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը քայքայման վիճակում են, և նրանց ձայների վերաբաշխման արդյունքում խորհրդարանում բացի նշված հինգ քաղաքական ուժերից, հնարավոր է լինի ևս երկու քաղաքական ուժ, որոնք կունենան խարիզմատիկ դեմք, ֆինանսական ու վարչական ռեսուրս։ Այդքանով հանդերձ, ըստ Ադիբեկյանի, կոալիցիան կպահպանի իր դիրքերը։
Ինչ վերաբերում է նոր ձևավորված դաշինքներին՝ ԵԼՔ, Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան, ապա դրանցում գործող անձինք, բանախոսի խոսքով, ինքնավստահ են։
«Կուսակացություններ կան խարիզմատիկ դեմքի կողքը, ինքը չկա, կուսակցությունը չկա, դա ԲՀԿ-ն է՝ ի դեմս Ծառուկյանի, դա «Ժառանգությունն» է ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, ՀԱԿ-ն է՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի։ Օրինակ՝ Սերժ Սարգսյանի դուրս գալը չի բերի Հանրապետականի լուծարմանը, բայց եթե «Ժառանգություն»-ից Հովհաննիսյանը, «Հայկական վերածնունդից» Արթուր Բաղդասարյանը դուրս գան, ապա դա բավականին մեծ հարված կլինի այդ քաղաքական ուժի ձևավորման գործընթացների համար», -նշեց Ադիբեկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին