ԱՄՆ-ում բազմահազարանոց ակցիաներ են անցկացվում միգրացիոն քաղաքականության խստացման դեմ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության խստացման դեմ բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում Միացյալ Նահանգների շատ քաղաքներում:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ բազմամարդ ակցիաներ են կազմակերպվել Կալիֆորնիայի, Նյու Յորքի, Տեխասի, Մասաչուսեթսի, Ջորջիայի նահանգներում, ինչպես նաև Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգում: Բողոքողների թվում է նաև Նյու-Յորքի քաղաքապետը։
Նյու-Յորքի Մանհեթենի շրջանի հարավային մասում՝ «Բեթերի» զբոսայգուց ոչ հեռու, տեղի են ունենում ներգաղթյալների պաշտպանության հանրահավաքներ: Քաղաքի առաջատար իրավապաշտպան միավորումների թվից կազմակերպիչների խոսքով՝ ցույցին մասնակցում է շուրջ 12 հազար մարդ:
Ավելի քան հազար մարդ հավաքվել է Բոստոնի (Մասաչուսեթսի նահանգ) կենտրոնական հրապարակներից մեկում: Ակցիայի ժամանակ ելույթ են ունեցել Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, ինչպես նաև երկրի առավել ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպություններից մեկի՝ Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության ներկայացուցիչները: Մի քանի հարյուր մարդ է մասնակցում Դալաս քաղաքի (Տեխասի նահանգ) միջազգային օդանավակայանի տարածքում կազմակերպված ցույցին: Նրանք պահանջում են կալանքից ազատ արձակել այն ինը հոգուն, որոնք ժամանել են Իրաքից, Իրանից, Սուդանից և Սիրիայից և ձերբակալվել Թրամփի հրամանագրի հիման վրա:
Համանման ակցիաներ են տեղի ունենում նաև Չիկագոյի (Իլինոյսի նահանգ), Ատլանտայի (Ջորջիայի նահանգ), Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիկոյի (երկուսն էլ Կալիֆորնիայի նահանգում) օդանավակայաններում: