Կառավարությունը աղքատության կրճատման ուղղությամբ հստակ քայլեր պետք է ձեռնարկի. Գագիկ Մակարյան
Համաշխարհային տնտեսությունում փոքր տեմպերով տնտեսական աճ է նկատվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ եթե 2015թ-ին աճի տեմպերն ավելի ցածր էին, ապա 2017թ-ին ակնկալվում է 3,4 տոկոս համաշխարհային տնտեսական աճ:
Նրա խոսքերով՝ Հայաստանի տնտեսության վրա էական ազդեցություն կունենան Ռուսաստանը, Չինաստանը, իսկ ԱՄՆ-ն մեծ ազդեցություն է ունենալու ամբողջ աշխարհի տնտեսության զարգացման վրա:
«Հայաստան ուղղվող տրանսֆերտներն ավելանալու են, մասնավորապես, ռուբլով տրանսֆերտները: Դա կբերի ռուբլու ազդեցության ուժեղացմանը և կխթանի Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը: Դա նաև կբերի նրան, որ Հայաստանից դեպի Ռուսաստան արատահանման ծավալները մոտ 10 տոկոսով աճեն»,- ասաց Գագիկ Մակարյանը՝ հավելելով, որ ՌԴ-ի տնտեսության վերաբերյալ կանխատեսումները դրական են. եթե 2015-ին Ռուսաստանում տնտեսական անկումը 3․7 տոկոս էր, 2016-ին՝ 0․8 տոկոս, ապա 2017-ին ակնկալվում է 1․1 տոկոսի աճ:
Գագիկ Մակարյանը միաժամանակ նշեց, որ ի տարբերություն Ռուսաստանի, դեպի Եվրոպա արտահանման ծավալները կնվազեն:
«Չնայած պղնձի գների ավելացման, հնարավոր է արտահանման ծավալները կրճատվեն դեպի Եվրոպա: Իհարկե մեր մետաղների մի մասն արտահանվում է ԱՄՆ, ոսկու մոտ 90%-ը՝ Կանադա, դրանց շնոհիվ հնարավոր է բալանսը չփոխվի, բայց ռիսկ կա, որ եվրոպական երկրների տնտեսության անկման արդյունքում արտահանման ծավալները նվազեն»,- ասաց Գագիկ Մակարյանը:
Գործատուների հանրապետական միության գործադիր տնօրենը նշեց նաև, որ մեր երկրում թիվ մեկ խնդիրն այսօր աղքատությունն է, ուստի Կառավարությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի աղքատության կրճատման ուղղությամբ: «Մեր երկրում աղքատությունը կազմում է 29,8% այն դեպքում, երբ այդ ցուցանիշները հարևան երկրներում ավելի ցածր են: Օրինակ՝ Վրաստանում աղքատությունը մոտ 15 տոկոս է, Ադրբեջանում՝ 5 տոկոս»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանը պետք է լուրջ ուշադրություն դարձնի այդ խնդրի վրա, մասնավորապես, իրականացնի տարբեր պետական ծրագրեր:
Գագիկ Մարկարյանը նաև առաջարկություններ ներկայացրեց, թե ինչ պետք է արվի, որ Հայաստանում աղքատությունը կրճատվի. «Օգնել բիզնեսին 100 հազար աշխատատեղ ստեղծել, կամ ավելացնել տրանսֆերտների ծավալը, կամ էլ՝ բնակչության գնողունակությունը 10 տոկոսով ավելացնել»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում