Շարքային Դալլաքյանին գլխի շրջանում հրազենով վիրավորելու համար մեղադրվում է դասակի հրամանատարը
Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քրեական գործերով վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի՝ հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատարին: Այդ մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Արարատի Դալլաքյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2016թ. հունիսի 24-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի գետնատնակում՝ դասակի հրամանատարի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Մասնավորապես՝ պարզվել է, որ դասակի հրամանատար, լեյտենանտ Ավագ Նահապետյանը ինքնաձիգը լիցքավորելուց հետո պատահաբար սեղմել է ձգանը, ինչի արդյունքում արձակված գնդակը դիպել է գետնատնակում գտնվող Ա.Դալլաքյանի գլխին՝ անզգուշությամբ պատճառելով գլխի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում՝ կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ լեյտենանտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Panorama.am-ը օրեր առաջ ներկայացրել էր Դալլաքյանի պատմությունը. հրազենային վիրավորման հետևանքով, գնդակն անցել էր Ալբերտի գլխուղեղի ձախ կիսագնդի մոտով՝ արյունատար անոթի միջով։ Հունիսի 27-ին Ստեփանակերտի հոսպիտալում վիրահատվել է, որից հետո Ալբերտին տեղափոխելու հարցը վտանգավոր է եղել, բայց դիմել են ռիսկի. ուղղաթիռով նրան անմիջապես տեղափոխել են Երևան, մինչ այդ երկու անգամ ուղղաթիռն իջեցնելով, որ վիճակը կայունանա, շարունակեն։
Երևանում արդեն Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում (Մուրացան) երկու ծանր վիրահատություն է տարել Ալբերտը։ Լավագույն մասնագետների խումբը՝ բժիշկ Աճեմյանի գլխավորությամբ, ժամերով պայքարել է Ալբերտի կյանքը փրկելու համար։ Հետվիրահատական շրջանն էլ հեշտ չի հաղթահարել, և 70 օր Ալբերտը մնացել է հոսպիտալում։
Մայրն ասում է. «Երբեք չեմ մոռանա, թե հոսպիտալում ինչպես զինհաշմանդամների ցուցակում կարդացի տղուս անունը, գրած էր՝ 1-ին կարգի հաշմանդամ Ալբերտ Դալլաքյան։ Բայց միակ որդուս փրկեցին հոպիտալում, ուրիշ տեղ լիներ, հույս չէին տա, վստահ չէի կփրկվեինք»։