Սպառված չեմ. Վարդան Ղուկասյանը կմասնակցի ընտրություններին
Գյումրիի նախկին քաղաքապետ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Վարդան Ղուկասյանը որոշել է մասնակցել խորհրդարանական ընտրություններում՝ առաջադրվելով Գագիկ Ծառուկյանի գլխավորած դաշինքի ցուցակով։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ինքը՝ Ղուկասյանը։
«Նման որոշում եմ կայացրել, որ ծառայեմ իմ ժողովրդին։ Ես վա՞տ եմ աշխատել, շատ լավ աշխատել եմ, շատ բարեխիղճ, շատ գեղեցիկ և էնքան բան ունեմ արած, որ էնքանից շատ։ Ես կարող եմ նորից անել։ Սպառված չեմ»,-իր որոշման պատճառները ներկայացրեց Ղուկասյանը։
Նա ասաց, որ միանալու է «Ծառուկյան դաշինքին»։
Հարցին, թե անդամակցելո՞ւ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Ղուկասյանը պատասխանեց. «Հավանական է՝ ոչ։ Որպես ազատ մարդ եմ լինելու։ Ես ընդհանրապես, ազատ մարդ եմ։ Էն ժամանակ էլ, որ Հանրապետականի մարզխորհրդի նախագահն էի, որ նշան չէի կրում, ինձ հարցնում էին՝ ինչո՞ւ եք խաչը կրում, ասում էի՝ որ խաչը պահապան լինի և այս կուսակցությանը, և բոլորիս»։
Նախկին պաշտոնյան տեղեկացրեց, որ Հանրապետական կուսակցությունից շուրջ 5 տարի առաջ է դուրս եկել. «Եթե հանկարծ այդ դիմումը չի բավարարում, ես էսօր էգուց էդ դիմումը նորից կգրեմ»։
Դիտարկմանը, թե Գյումրիի տարածաշրջանում թեժ պայքար է սպասվում, Ղուկասյանը արձագանքեց. «Էհ, ինչ անեմ, կյանքը էդպես է, ես սիրում եմ պայքար։ Ով չի պայքարում, ի՞նչ է։ Երբ մարդը ծնվում է մորից, պայքարի մեջ է մտնում, որ մոր կուրծքը ուտի, չէ՞։ Այդտեղից պայքարը սկսվում է, մինչև հոգին տալը։ Ուզում ես եղի ակադեմիկոս, ուզում ես եղի խոհրարար, պտի պայքարես, էս կյանքը պայքար է»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին