Հայ շախմատիստները շարունակում են հաջող մրցելույթներն Իրանում
Իրանում մեկնարկել է «Սաբալանի գավաթ 2017» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 7 երկրների 54 շախմատիստ, այդ թվում` 10 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 8 միջազգային վարպետ և երեք ՖԻԴԵ-ի վարպետ:
Մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, Եվրոպայի մինչև 12 տարեկան շախմատիստների չեմպիոն Մամիկոն Ղարիբյանն ու գյումրեցի շախմատիստ Սեդրակ Մաթևոսյանը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մրցաշարում արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները: Շարունակում է հաջող ելույթները Մամիկոն Ղարիբյանը, ով 3 հնարավորից վաստակել է 2,5 միավոր: Այս պահի դրությամբ պատանի շախմատիստը 66 կետով բարձրացնում է իր անհատական վարկանիշը: Օրեր առաջ ավարտված «Խազարի գավաթ 2017» մրցաշարում Ղարիբյանը 124 կետով էր բարձրացրել իր վարկանիշը:
2,5 միավոր է վաստակել նաև գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը: Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը իր ակտիվում ունի 2 միավոր, իսկ Սեդրակ Մաթևոսյանը` 1:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ղայեմ Մաղամին և Ազեր Միրզոևը, ովքեր 3 հնարավորից վաստակել են նույնքան միավոր: