Բրիտանիայում Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել
Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի դեմ բողոքի ակցիաներին, որոնք հունվարի 30-ին անցկացվել են Մեծ Բրիտանիայի 30 քաղաքներում, ներառյալ Լոնդոնը, Բիրմինհեմը, Մանչեսթրը, Գլազգոն, Էդինբուրգը, Կարդիֆը և Նյուքասլ-ապոն Թայնը:
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ Բրիտանիայի մայրաքաղաքում բողոքի ակցիան, որին մասնակցելու մասին վաղօրոք հայտարարել էր 25 հազար մարդ, կազմակերպվել էր Ուայթհոլ կառավարական փողոցում: Նրա մասնակիցների թվում էին հայտնի դեմքեր, այդ թվում՝ Լեյբորիստական կուսակցության նախկին առաջնորդ Էդ Միլիբենդը, Շոտլանդիայի ազգային կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Անգուս Ռոբերթսոնը և երգչուհի Լիլի Ալենը:
«Ամերիկան ժողովրդավարության և խաղաղության փարոսն է, բայց Թրամփի գործողությունները կխարխլեն ամերիկյան հասարակության հենքը: Մենք հորդորում ենք խաղաղասեր մարդկանց՝ վճռականորեն հանդես գալ ռասիստական ու այլատյացության միջոցառումների դեմ»,-հանրահավաքում հայտարարել է փախստական մուսուլմաններից մեկը:
Ավելի վաղ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը նախատեսում է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաև 90 օրով սահմանափակել է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի և Եմենի քաղաքացիների մուտքը երկիր։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր չեն չեղարկել Թրամփի այցը
- ԱՄՆ-ում բազմահազարանոց ակցիաներ են անցկացվում միգրացիոն քաղաքականության խստացման դեմ