Իրանագետ. «Ռազմական ոլորտում հայ-իրանական համագործակցությունը երկկողմ փոխշահավետ է»
«ՀՀ պաշտպանության նախարարի այս այցն Իրան կարևոր է մի քանի առումներով: Նախ, հայ-իրանական հարաբերությունների դինամիկ զարգացման համատեքստում ժամանակն է ակտիվ համագործակցության անցնել նաև ռազմական ոլորտում: Երկրորդ, տարածաշրջանային անվտանգության ապահովման տեսանկյունից Իրանը հիմնասյունային դեր է կատարում, հետևաբար Իրանի հետ համագործակցությունը այս ոլորտում Հայաստանին լրացուցիչ և այլընտրանքային երաշխիքներ է խոստանում սեփական անվտանգության գոտու ամրապնդման հարցում»,- Panorama.am-ի հետ զրույցում, խոսելով հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության Իրան կատարած պաշտոնական այցի մասին, նշեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
Տոնոյանի կարծիքով՝ «Իրանը ևս իր հերթին շահագրգռված է տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ, այդ թվում և ռազմական, որը պայմանավորված է մի քանի հանգամանքներով: Նշեմ դրանցից միայն երկուսը: Ադրբեջանը ռազմական ոլորտում ակտիվ համագործակցում է Իրանի ոխերիմ թշնամի Իսրայելի հետ, և այդ համագործակցությունը, դատելով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի վերջերս Բաքու կատարած այցից, ունի խորացման հեռանկար: Սա, բնականաբար, չի կարող չանհանգստացել Իրանին: Եվ երկրորդ, ամենևին գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ունի տարածքային նկրտումներ Իրանի հանդեպ, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Իրանի Ատրպատական նահանգին, և Իրանը չունի երաշխիքներ առ այն, որ ինչ-որ մի պահի իսրայելական զենքը չի օգտագործվի հենց իր դեմ: Հետևաբար, Իրանի պետական շահը ևս պահանջում է ռազմական և անվտանգային ոլորտներում ակտիվ համագործակցել Հայաստանի հետ: Իրականում, Հայաստանը միակ երկիրն է Իրանի հյուսիսային սահմաններում, որը, պայմանավորված նաև սեփական շահով, ի վիճակի է կայուն դաշնակցային հարաբերություններ կառուցել և պահպանել այդ երկրի հետ»:
Ըստ իրանագետի`ՀՀ պաշտպանության նախարարի այս այցն Իրան անցած տարեվերջին ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի` Հայաստան կատարած այցի տրամաբանական շարունակությունն է, քանի որ այն ինչ քննարկվելու է Իրանում երկու երկրների պաշտպանության նախարարների միջև, ամենայն հավանականությամբ, շոշափվել է նաև նախագահների առանձնազրույցի ժամանակ:
«Դատելով նախնական հայտարարություններից, որոնցում նշվում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը այցելելու է նաև ԻԻՀ գիտահետազոտական եւ արդյունաբերական ձեռնարկություններ, կարելի է ենթադրել, որ քննարկման թեմաներից է լինելու հայ-իրանական համատեղ ռազմարդյունաբերական ծրագրերի իրականացման հարցը», - եզրափակեց իրանագետ Ա. Տոնոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Հայաստանը ցանկանում է Իրանի հետ պաշտպանական ոլորտում ընդլայնել համագործակցությունը
- ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան
- Վիգեն Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին