ՀՀՇ-ում տրամադրված են «Ծառուկյան» դաշինքին միանալուն
Հայոց Համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությունը առաջիկա երկու օրերի ընթացքում կգումարի կուսակցության վարչության նիստ, որտեղ վերջնական որոշում կկայացվի գալիք խորհրդարանական ընտրույուններում կուսակցության անելիքների մասին։ Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը։
Դիտարկմանը, թե կուսակցությունում տրամադրված են միավորվել «Ծառուկյան» դաշինքի հետ, Կարապետյանը պատասխանեց.
«Տևական ժամանակ մշտապես քննարկումների մեջ ենք եղել առհասարակ ողջ ընդդիմադիր դաշտի հետ։ վարչության նիստը տեղի կունենա, մենք ողջ քննարկումների արդյունքը կներկայացնենք նիստի մասնակիցներին և ըստ այդմ որոշում կկայացվի»։
Վարչության նիստը պետք է տեղի ունենար ավելի վաղ, սակայն վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանի մայրիկի մահվան պատճառով այն հետաձգվել է։
Վարչության նիստից հետո կուսակցությունը համապատասխան հայտարարությամբ հանդես կգա, իսկ մինչ այդ, Կարապետյանի խոսքով, որևէ բան չեն կարող ասել՝ կա որոշումները հրապարակելու ընթացակարգ։
Ինպիսի՞ն են քննարկման արդյունքները, արդյոք կուսակցությունում հակվա՞ծ են «Ծառուկյան» դաշինքի հետ միավորվելուն, Կարապետյանը պատասախնեց. «Կա, բնականաբար, նման հակվածություն»։
Կարապետյանի ներկայացմամբ, եթե վարչությունը որոշեց չհամագործակցել «Ծառուկյան» դաշինքի հետ, ապա ՀՀՇ-ն միայնակ չի գնա ընտրություններին։ «Մենք դեռևս բավական ժամանակ առաջ հայտարարել էինք, որ եթե այս ընտրություններին մասնակցենք, ապա մասնակցելու ենք որևէ ուժի կամ ուժերի հետ դաշինքի տեսքով, իսկ միայնակ չենք գնալու ընտրություններին», -հավելեց Կարապետյանը։
Մինչև վերջնական որոշումը կայացնելը, ՀՀՇ գործադիր քարտուղարի խոսքով, դաշինքի համամասնական ցուցակում տեղերի մասին խոսելը վաղ է։ «Երբ որոշվի, որ ընտրություններին գնում ենք դաշինքով, դրանից հետո միայն կուսակցությունում կկազմվի ցուցակը», -հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան