Հարո Ստեփանյան-ֆեստի շրջանակում կներկայացվեն կոմպոզիտորի երբևէ չկատարված ստեղծագործությունները
Փետրվարի 15-28-ը Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը։ Այն այս տարի նվիրված է կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին և կրելու է Հարո Ստեփանյան-ֆեստ անվանումը։ Հարո Ստեփանյանը (1897-1966թթ.) տաղանդավոր և ինքնատիպ կոմպոզիտոր է, որը մեծ ավանդ է ունեցել հայ երաժշտական մշակույթի զարգացման գործում: Նա հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։
Երաժշտական նախաձեռնության հեղինակ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ փառատոնն ընդգրկում է 5 համերգ՝ սիմֆոնիկ և կամերային, հագեցած բազմազան ծրագրերով, նոր երաժշտությամբ, հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներով։ Երաժշտական այս տոնի ընթացքում կներկայացվեն հայ կոմպոզիտորների (Հարո Ստեփանյան, Վաչե Շարաֆյան, Էդուարդ Հայրապետյան, Ջոն Տեր-Թադևոսյան, Հարություն Դելալյան, Վարդան Աճեմյան և այլք) գործեր։ Հանդես կգան անվանի մենակատարներ։ Փառատոնի նպատակն է ներկայացնել, հանրայնացնել ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերը
Փառատոնի գեղարվեստական հարցերի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի շրջանակներում թվայնացվել են Հարո Ստեփանյանի երբևէ չկատարված կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունները, որոնք կներկայացվեն ունկնդրի դատին առաջին անգամ:
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Սերգեյ Սմբատյանը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ Նախագահի հովանու ներքո։