Պոչետինո. «Եթե «Չելսին» հաղթի առաջիկա 2 խաղում, նրան հետապնդելը շատ դժվար կլինի»
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարծում է, որ «Չելսին» «Լիվերպուլի» ու «Արսենալի» հետ առաջիկա խաղերում հաղթելու դեպքում կարող է սպանել Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչման համար պայքարի ինտրիգը։ 22 տուրից հետո «կապույտները» 8 միավորով գերազանցում են երկրորդ տեղում ընթացող «զինագործներին»։ «Տոտենհեմը» հետ է մնում 9 միավորով։
«Եթե «Չելսին» հաղթի 2 խաղում, նրան դժվար կլինի կանգնեցնել։ Սակայն մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա։ Գլխավորը 3 միավոր վաստակելն է։ Այդ դեպքում, անկասկած, «Չելսիին» մոտենալու հնարավորություն կունենանք։
Եթե հաղթենք «Սանդերլենդին» ու «Միդլսբրոյին», նվազագույնը կպահպանենք միավորների այժմյան տարբերությունը։ Կարևոր է հասկանալ, որ հիմա միավորներն ինչպես մեզ են պետք, այնպես էլ մրցակիցներին։
Ես աշխատում եմ գրագետ տեղաբաշխել ուժերը մրցաշարերի միջև։ Ուզում եմ ինչ-որ մրցանակ նվաճել, սակայն դժվար է հաղթել ամենուր՝ Եվրոպայի լիգայում, Անգլիայի Պրեմիեր լիգայում ու երկրի գավաթի խաղարկությունում։ Առաջիկա 27 օրում մենք պետք է 7 հանդիպում անցկացնենք։ Վերականգնման համար 4 օրից էլ պակաս ժամանակ ենք ունենալու։ Դա հեշտ իրավիճակ չէ։ Բայց ես կփորձեմ հաջողության հասնել բոլոր մրցաշարերում»,- Պոչետինոյի խոսքերը մեջբերել է championat.com-ը։