Այն տնտեսական մոդելը, որ տարիներ շարունակ աշխատում էր, իրեն սպառել է. Վահագն Խաչատրյան
«Ազգային վիճակագրության ծառայությունն այսօր հրապարակել է 2016թ. հունվար-դեկտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշները, որոնց համաձայն գրանցվել է 0,5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, մինչդեռ մենք ապրել ենք մի միջավայրում, որտեղ աճ ընդհանրապես չի եղել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ արտագաղթի տեմպերը, պետական պարտքի ցուցանիշները անհանգստացնող են: Բացի այդ, ըստ նրա, 2016 թ-ին 85 մլրդ դրամ հարկ չի հավաքագրվել, որի արդյունքում բյուջեի պակասուրդն է ավելացել։ Այն լրացնելու համար էլ ավելացվում է պետական պարտքը։
Վահագն Խաչատրյանը նաև նշեց, որ ըստ վիճակագրության ՝ արտահանումն աճել է 20 տոկոսով, մինչդեռ այս աճը իրական չէ, քանի որ արտադրության ծավալները չեն աճել:
«Դա նշանակում է՝ այն տնտեսական մոդելը, որ տարիներ շարունակ աշխատում էր, իրեն սպառել է»,- ասաց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է 2017թ-ին սպասվելիք ցուցանիշներին, Վահագն Խաչատրյանն ասաց, որ եթե մեկ տոկոս տնտեսական աճի սահմաններում էլ կարողանանք տարին փակել, ապա պետք է գոհ լինել:
Վահագն Խաչատրյանը նաև ներդրումների վերաբերյալ կառավարության խոստումներն է խաբկանք, պոպուլիզմ համարում։ «Ինչո՞ւ պետք է մարդիկ գան Հայաստանում ներդրում անեն ՝ Երևանի փողոցնե՞րն են մաքրված, թե մենք իսկապես շատ ավելի լավն ենք, մեր մոտ տնտեսական միջավայրն ավելի լա՞վն է, քան հարևան երկրներում, թե մեզ մոտ այնպիսի խելամիտ օրենքներ են, որ ներդրումների դեպքում մարդիկ միանգամից մեծ գումարներ են ակնկալելու։ Ես չեմ տեսնում տնտեսական այնպիսի միջավայր, որ կարող է բարենպաստ լինել ներդրումների համար»,- նշեց Վահագն Խաչատրյանը: