«Կոռուպցիան վերցնել որպես առանձին հիվանդություն և դրա դեմ պայքարել անիմաստ է». բանավեճ
«Մեզ մոտ լճացում է գնում»,-այսօր Մեդիա կենտրոնի կազմակերպած «Հետընթա՞ց, թե՞ առաջընթաց. կառավարության ձեռնարկած քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում» թեմայով բանավեճի ժամանակ նման կարծիք հայտնեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Նա հիշեցրեց, որ եթե նախորդ տարի Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 35 էր, ապա 2016-ին այն դարձել է 33. «Հայաստանը ներառված է Արևելյան Եվրոպա կամ Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, որում ընդգրկված է 19 երկիր: Այս տարածաշրջանը առավել կոռումպացված ռեգիոններից է համարվում։ Միշտ ասել եմ ու հիմա էլ կասեմ, կոռուպցիայի վիճակն ածանցյալ է տնտեսական ընտրված մոդելից, կփոխվի այդ մոդելը, կունենանք առաջընթաց։ Միայն ռազմավարություն մշակելով, օրենքներ գրելով կոռուպցիայի դեմ պայքարի հարցը չի լուծվում»։
Բանավեճի մասնակից, ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց. «Կառավարությունը չի պնդում, որ կոռուպցիայի հարցում ունենք իդեալական վիճակ։ Ես ուղղակի կարող եմ գնահատական տալ, որ վերջին մեկ երկու տարում աննախադեպ ծավալի միջոցառումներ է իրականացրել կառավարությունը, քաղհասարակությունը։ Փորձում ենք խնդիրները բաց քննարկել, բաց ներկայացնել, այլ ոչ թե թաքցնել, արձանագրել ռազմավարական փաստաթղթերում և լուծումներ տալ։ Համենայն դեպս կառավարությունն ինչ որ պլանավորել է հակակոռուպցիոն ռազմավարությունով՝ քայլ առ քայլ իրականացնում է։ Այս պայքարն ինքնանպատակ չէ, մեր պայքարն է, որ քաղաքացին, բիզնեսի ներկայացուցիչը զգա, որ միջավայրը բարելավվել է։ Լավ կլինի մասնագիտական վերլուծություններից զատ ներկայացնել նաև դրական օրինակները»։
Արդարադատության նախարարի տեղակալին արձագանքելով՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ կառավարությունն այն ինչ որ անում է, լրիվ հակառակ էֆեկտն է տալիս։
«Կոռուպցիան վերցնել որպես առանձին հիվանդություն և դրա դեմ պայքարել անիմաստ է, դա պետք է լինի քաղաքական մի ամբողջ համակարգ, որի մեջ մտնում են մենաշնորհները, ազատ ընտրությունները, ժողովրդավարությունը, տնտեսության, մրցակցության ազատականացումը, ներդրումների պաշտանվածությունը»։
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանն էլ հավելեց, որ իրենց ներկայացրած կարևոր առաջարկներից մեկն այն է, որ մարզային հակակոռուպցիոն կենտրոնները վերագործարկեն, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց բողոքներով դիմել ավելի վստահելի աղբյուրների, որոնք հետևողական կլինեն նրանց բարձրացրած հարցերի լուծմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան