ՀՀ ԱԳ նախարարը չմեկնաբանեց Թրամփի՝ փախստականների վերաբերյալ որդեգրած քաղաքականությունը
«Ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից Միացյալ Նահանգների նոր նախագահի որոշումների վերաբերյալ»,-այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Թրամփի՝ փախստականների վերաբերյալ որդեգրած քաղաքականությունը:
Հարցին, թե՞ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր ղեկավարության տարիներին չարտասանեց «Ցեղասպանություն» եզրութը, ի՞նչ ակնկալիքներ ունենք նոր վարչակազմից, նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ հարցը նրանում է, որ միջազգային հանրության կողմից ցեղասպանություների ճանաչմանը, դատապարտմանը, կանխարգելմանն ուղղված ջանքներն անշրջելի ջանքեր են: Այն նախաձեռնությունները, բանաձևերը, որոնցով Հայաստանը հանդես է եկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում, ընդունվել են միաձայն: Այնտեղ բոլորն երկրներն են ներկայացված ու ամեն երկիր ունի իր հատուկ, յուրահատուկ մոտեցումները, քանի որ խոսքը գնում ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ ընդհանրապես: Բավական բարդ գործընթաց է, և մենք շարունակելու ենք մեր քայլերն այս ուղղությամբ»:
Հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնա Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի վերջին որոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի վրա, Է. Նալբանդյանն ասաց. «Կարևորն այն է, որ Ֆրանսիայի բոլոր քաղաքական ուժերը միաձայն են, այլ կարծիք չունեն Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման վերաբերյալ: Ֆրանսիան այն երկիրն է, որը համապատասխան օրենքի ուժով ճանաչել է դա»:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կտա Հայաստանին 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի համաժողովի անցկացումը, նախարարն ասաց. «Իհարկե, սա կարևոր որոշում է: Բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար, միջազգային հարթակ է երկխոսության համար, հատկապես այնպիսի երկրների հետ, որտեղ Հայաստանը դեսպանություն չունի: Մեր հնարավորությունից ելնելով՝ ամեն տեղ չենք կարող դեսպանություններ ունենալ: Կարևոր հարթակ է, որպեսզի ներկայացնենք նաև Հայաստանը, մեր մոտեցումները տարածաշրջաանային, միջազգային խնդիրների վերաբերյալ, այն խնդիրների, որոնք մեզ համար կարևոր նշանակություն ունեն:
Անկախությունից հետո ամենամեծ, հեղինակավոր, լայնածավալ, այսպիսի ընդգրկուն հավաքն է լինելու Հայաստանում նախագահների, վարչապետների մակարդակով: Գագաթաժողովից առաջ լինելու է ԱԳ նախարարի հանդիպում: Մոտ մեկ շաբաթ է տևելու: Մեծ պատասխանատվություն է Հայաստանի համար, ծավալուն աշխատանք է պահանջում: Այդ կապակցությամբ Հայաստանի նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է նախապատրաստական աշխատանքային հանձնաժողով վարչապետի գլխավորությամբ, ընդգրկվել են բազմաթիվ նախարարությունների ղեկավարներ, սկսելու ենք նախապատրաստական աշխատանքները»:
Հարակից հրապարակումներ`
- Չնայած Ադրբեջանի բոլոր վայնասուններին, ԼՂՀ ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ են գնում. Է.Նալբանդյան
- Նալբանդյան. ՀՀ նախագահն 18 օտարերկրյա այց է կատարել, Հայաստան է եկել 8 պետության ղեկավար
- «Մենք երբևէ չենք հրաժարվել հանդիպումներից, բայց չգիտենք, ինչ խաղեր կտա Ադրբեջանը»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին