Արեգ Հովհաննիսյան. «Բոլոր հայ մարզիկները գտնվում են մեր հսկողության տակ»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղի է ունեցել սեմինար-քննարկում` հակադոպինգային կանոնների խախտումների և կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ, որը վարում էր նախարարության համակարգի «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը:
Նա խոսել է մարզիկների կողմից խթանիչների և ոչ սպեցիֆիկ նյութերի օգտագործման դեպքում նրանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասին: Ներկայացվել են ժամանակավոր հեռացման և որակազրկման տարբերությունները, ինչպես նաև Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ միջազգային, տարածքային և ազգային հակադոպինգային կազմակերպությունների փոխհարաբերությունների մեխանիզմները:
Հովհաննիսյանը ներկաներին բացատրել է արգելված նյութ օգտագործելու դեպքում մարզիկի մեղքի չափի սահմանումը, պատժամիջոցների նվազեցման մեխանիզմները և արգելված նյութ օգտագործելու թույլտվություն ստանալու գործընթացը:
«Վերջին տարիների ընթացքում Հայաստանում լուրջ մասնագիտական և հետևողական աշխատանք է տարվում` հակադոպինգային կանոնների պահպանման համար: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այսօր բոլոր հայ մարզիկները գտնվում են մեր ծառայության հսկողության տակ, նրանց պարբերաբար ստուգվում են, և նրանցից որևէ մեկն անգելված նյութ չի օգտագործում»,- Հովհաննիսյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: