«Մշակութային կանգառ»՝ Հայաստանում և Արցախում
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանն այսօր ստորագրել են 73 միլիոն դրամի համագործակցության հուշագիր:
«Մեր «Մշակութային կանգառ» ծրագրի, թույլ տվեք ասել՝ «մշակութային ինտերվենցիայի», հայտարարումից հետո միանգամից արձագանքեցին մեր բարեկամները, մասնավորապես, «Փյունիկ» հիմնադրամը: Սա, իսկապես, աննախադեպ միջոցառում է. 426 մշակութային այց, մոտ 200 կինոցուցադրում` հիմնադրամի տրամադրած շարժական կինոթատրոններով, ընդհանուր առմամբ, ավելի քան 600 մշակութային միջոցառում՝ չհաշված փառատոնային այցելությունները: Եվ այս ամենին իր սիրահոժար աջակցությունն է բերում «Փյունիկ» հիմնադրամը»,-հուշագրի ստորագրումից հետո ասել է նախարար Արմեն Ամիրյանը:
Նախարարության ֆեյսբության էջից տեղեկանում ենք, որ նախարարության նախաձեռնած «Մշակութային կանգառ» ծրագրով Հայաստանի պետական բոլոր երաժշտաթատերախմբերը հյուրախաղերով հանդես կգան Հայաստանի մարզերում և Արցախում:
«Մենք սիրով արձագանքեցինք, քանի որ մեր սրտին խոսող բան մըն է: Նախարարը մեզ ուրախ լուր տվեց 2017-ի համար»,-նշել է Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը:
Նախարար Ամիրյանը նաև ասել է, որ ծրագիրը միաժամանակ մարզերում ունեցած մշակութային հարթակները հաշվառելու, տեղերում մարդկային մշակութային ներուժը գնահատելու և հետագայում նախարարության օժանդակությունը ճիշտ կազմակերպելու հնարավորություն է:
«Իսկ արդյունքը գնահատելիս կառաջնորդվենք վաճառված տոմսերի քանակով: Խնդիրը շատ կամ թանկ տոմս վաճառելը չէ: Դրանց գինն ընդամենը 300 դրամ ենք սահմանել. մեր խնդիրն է նաև մարզերում, համայնքներում ստեղծել մշակութային միջոցառումների կազմակերպման ենթակառուցվածքներ: Հավատացե՛ք, որ նման ախտորոշումը նաև որակական փոփոխություն է բերելու, որովհետև մի բան է, երբ ձրի համերգին աշակերտներին պարտադրելով են բերում դահլիճ, մեկ այլ բան է, երբ գյուղում ապրող մարդը՝ տեսնելով պաստառը, սիրահոժար գնում է էժան տոմսն ու մասնակացում համերգին»,- նշել է նախարարը:
Ա. Ամիրյանի խոսքով՝ մշակույթի հետ շփվելն այսօր, կարծես, շքեղություն է դարձել մարզում ապրող մարդու համար՝ ի տարբերություն Երևանի, որտեղ մշակութային կյանքը շատ բարձր մակարդակի վրա է:
«Մենք պարզապես մեր բաժնից պետք է հասցնենք մեր համերկրացիներին»,-ասել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ «Մշակութային կանգառ» ծրագիրը լրջորեն փոխելու է պատկերն ու մշակութային միջավայրը: