Freedom House. «Ազատությունն աշխարհում-2017». Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» են
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2017» ամենամյա զեկույցը, որում ամփոփված է ժողովրդավարական ազատությունների վիճակն աշխարհի 195 երկրներում և 14 տարածքներում 2016 թվականի ընթացքում:
Զեկույցի մեթոդաբանության համաձայն՝ երկրները դասակարգվում են երեք խմբերում` «ազատ», «մասամբ ազատ» և «անազատ»՝ հիմք ընդունելով «քաղաքական իրավունքներ» և «քաղաքացիական ազատություններ» ինդեքսներով ստացած միավորները, որոնց դեպքում 1-ը ժողովրդավարության առավելագույն մակարդակն է, իսկ 7-ը` վերջինիս բացակայությունը:
Այս տարվա զեկույցը վերնագրված է «Պոպուլիստներն ու ավտոկրատները. Երկակի վտանգ գլոբալ ժողովրդավարությանը»: Զեկույցի հեղինակներն ահազանգում են, որ դիտարկված տարում ժողովրդավարական շատ երկրներում գլուխ են բարձրացրել պոպուլիստական ու ազգայնական քաղաքական ուժերը, իսկ ավտորիտար վարչախմբերն էլ դիմել են «ստոր բռնությունների»:
Զեկույցում Հայաստանը, ինչպես և նախորդ տարի, շարունակել է մնալ «մասամբ ազատ» երկրների խմբում՝ ստանալով քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատություններ կատեգորիաներով միջինացված 45 միավոր: Նույն կատեգորիայում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ 33 միջինացված միավորով: Զեկույցի հեղինակները թե Հայաստանի և թե Լեռնային Ղարաբաղի դեպքում ժողովրդավարական հետընթացի որևէ միտում չեն արձանագրել:
Զեկույցի համաձայն, ընդհանուր առմամբ, Հայաստանն առաջնային դիրքերում է մի շարք հետխորհրդային երկրների հետ համեմատած: Այս կատեգորիայում Հայաստանի հետ են նաև Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան: Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը նախկինի պես շարունակում են մնալ «անազատ երկրներ»-ի խմբում: Իրանը նույնպես այդ կատեգորիայում է:
Ադրբեջանի վերաբերյալ զեկույցի հեղինակները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի նախագահը սահմանադրական հանրաքվեի միջոցով մեծացրել է իր ավտորիտար իշխանությունը, իսկ հանրաքվեն էլ տեղի է ունեցել իշխանությունների կողմից տոտալ վերահսկողության պայմաններում:
Թուրքիան թեև «ազատության ինդեքս»-ով «մասամբ ազատ» երկրների ցանկում է, սակայն թե քաղաքացիական և թե քաղաքական ազատությունների մասով երկրում արձանագրված են լուրջ հետընթացներ:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան